ԺՆԻ. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ուղեկցվել է խախտումներով

ԺՆԻ. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ուղեկցվել է խախտումներով

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգի վերաբերյալ 2-րդ միջանկյալ զեկույցը:

Մշտադիտարկումը ներառում է հոկտեմբերի 10-28-ն ընկած ժամանակահատվածը, երբ իրականացվել է նախընտրական քարոզարշավը, Contact.az-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 1-ին։

Զեկույցում ընդգծվում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի գործընթացն ուղեկցվել է տեղական ինքնակառավարման մարմինների միջամտությամբ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների կիրառմամբ, վարչական ռեսուրսների օգտագործմամբ, հավասարության սկզբունքի ոտնահարմամբ:

Փաստաթղթի հեղինակները նաև նշել են, որ իրենց թեկնածության գրանցումից հետո շատ կարճ ժամանակահատվածում 479 թեկնածու անհայտ պատճառներով հրաժարվել է ընտրապայքարից։ Դրա հետևանքով ընտրաթերթիկներում ներառվել է 769 թեկնածուի ազգանուն:

Համեմատության համար զեկույցում նշվում է, որ 2010-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցումից հետո իրենց թեկնածությունը հանածների թիվը եղել է 41:

Հետազոտության հեղինակները մանրամասնում են, որ իրենց թեկնածությունները դրած և կարճ ժամանակում հանած թեկնածուների նպատակն է եղել զբաղեցնել եթերային ժամանակն ու, այդպիսով, նվազագույնի հասցնել ընդդիմադիր թեկնածուների ելույթները:

Իսկ երբ որոշվել է ընդհանրապես արգելել նախընտրական քարոզարշավի շրջանակում եթերի տրամադրումը, այդ թեկնածունի կարիքն այլևս վերացել է, ու նրանք զանգվածաբար հանել են իրենց թեկնածությունները:

Զեկույցի հեղինակները նաև լուրջ խախտում են համարում այն, որ ընտրական գործընթացից մեկուսացված է եղել Ադրբեջանի` մշտադիտարկում անցկացնող խոշորագույն կազմակերպությունը` Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը, որի ղեկավար Անար Մամեդլին նախագահական ընտրություններից հետո ձերբակալվել է` տնտեսական ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Միևնույն ժամանակ նշվում է միջազգային հեղինակավոր կառույցների` Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, ԵԱՀԿ-ի դիտորդնհերի բացակայությունը։

Հոկտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ընտրություններին մասնակցելու էր «Մուսավաթի» 25 թեկնածու:

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 1-ին: Լուրջ քաղաքական ընդդիմադիրների բացակայության պայմաններում ակնկալվում է իշխող «Ենի Ադրբեջան » կուսակցության հաղթանակը: Ադրբեջանի իշխանությունները ստեղծում են «անկախ» թեկնածուների քանակի աճի իմիտացիա: Միջազգային կառույցները բավականին խիստ դիրքորոշում ունեն առաջիկա ընտրությունների հարցում:

2015-ի սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով ԺՀՄԻԳ-ը ստիպված էր հրաժարվել ընտրությունների դիտարկումից: Ավելի վաղ հաստատությունը մտադիր էր 380 դիտորդ գործուղել Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ-ն նույնպես հրաժարվել է դիտորդական առաքելությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---