ՊԲ հրամանատար. Բաքուն փորձարկում է իր ԶՈւ ուժը` լայնածավալ գործողություններ վերսկսելու համար

ՊԲ հրամանատար. Բաքուն փորձարկում է իր ԶՈւ ուժը` լայնածավալ  գործողություններ վերսկսելու համար

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում շփման գծում տեղ գտնող սրացումների ռազմական տեսանկյունից պատճառներից մեկն է փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը` առավել լուրջ և լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար: Այս մասին մոսկովյան «Նոյան տապան» թերթին հարցազրույցում ասել է ԼՂՀ ՊՆ, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

«Իսկ քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված ստատուս-քվոի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա», - ասել է Մնացականյանը:

Նա հավելել է, որ կան նաև դրանցից ածանցվող այլ պատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:

ՊԲ հրամանատարի խոսքով՝ քանի դեռ ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված չէ խաղաղության հաստատման մասին վերջնական համաձայնագիր, պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ առկա է:

Մնացականյանը հիշեցրել է, որեթե մինչև 2015-ի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տարիներ շարունակ ձգվող հրադադարի ռեժիմը խախտվում էր ինքնաձիգերից և դիպուկահար զենքերից իրականացվող կրակահերթերով, ապա 2015-ի հունվարի 2-ից դրանց ավելացան նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետային արկակոծումները: Մարտի կեսերից ադրբեջանական կողմը, բացի ականանետերից, գործողության մեջ դրեց TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք, իսկ սեպտեմբերի 25-ին կիրառեց Դ-30 տիպի հաուբից:

Նրա խոսքով՝ այս ամենը խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն: Իսկ դրանից մինչև բացահայտ առճակատում` ընդամենը մի քանի քայլ է:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին, Մնացականյանն ասել է, որ չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասի, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն:

«Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա», - ասել է գեներալ-լեյտենանտը:

Նրա խոսքով՝ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները:

Մնացականյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը միանշանակ թաքցնում է իր իրական կորուստների քանակը, դա կասկածից վեր է: Նա հիշեցրել է, որ դեռևս 2014-ի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված հրամանագրով այդ երկրի լրատվամիջոցներին արգելվեց որևէ տեղեկություն տարածել բանակում տեղ գտնող զոհերի և վիրավորների մասին:

«Սա սեփական հանրությանը իրական կորուստներին անտեղյակ պահելու և այդ միջոցով ներքին ցնցումներից խուսափելու ադրբեջանական մոտեցում է, որին չենթարկվելու դեպքում լրագրողները կարող են հայտնվել ճաղերի հետևում: Բոլորովին վերջերս Բաքվի պաշտոնական քարոզչությունը տարածեց, թե իբր ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսում առաջնագծում տեղ գտած սրացումների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 4 զոհ, այն ինչ` ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված ամենահավաստի տվյալների` հակառակորդի ունեցած զոհերի թիվն անցնում է 20-ի սահմանը, իսկ վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի», - ասել է Մնացականյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ն շատ չեն հետաքրքրված, այլապես ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների նկատմամբ նրանց արձագանքը կլիներ ավելի արդյունավետ, գեներալ-լեյտենանտը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը գտնվում է նշած երկրների ուշադրության կենտրոնում:

«Ինչ վերաբերում է նրանց կողմից գործադրվող ջանքերի արդյունավետությանը, ապա զերծ կմնամ գնահատականներ տալուց, մանավանդ, որ դա ոչ այնքան իմ, որքան Արցախի հանրապետության համապատասխան գերատեսչությունների իրավասության մեջ է», - ասել է նա:

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից (18 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետից (6 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---