«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն. Առաջին անգամ դիտումներ կլինեն նաև Ջավախքում

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոն. Առաջին անգամ դիտումներ կլինեն նաև Ջավախքում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին կմեկնարկի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը ու կտեևի մինչև նոյեմբերի 11-ը փառատոնը, որի կազմակերպիչը ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամն է, այս տարի նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն անցկացվելու է ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Փոլ Քինգի «Պադինգտոն» ֆիլմի ցուցադրությամբ: Փակման արարողությանը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում. կցուցադրվեն երեք՝ Սա Յեոնդոնգի «Հրում», Կոնստանտին Բրոնզիտի «Առանց տիեզերքի ապրել չենք կարող» և Խավիեր Նավարոյի «Երազ տեսա» ֆիլմերը:

Երևանում, ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում ընթանալիք փառատոնի ծրագրում ընդգրկվել է 156 ֆիլմ աշխարհի 44 երկրից, նախատեսվում է ավելի քան 25.000 հանդիսատես: Փառատոնի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումները և կինոդիտումները կանցկացվեն բացառապես բարեգործական հիմունքներով:

Կինոփառատոնի՝ ավանդական դարձած 7 անվանակարգին այս տարի ավելացել է ևս մեկը` «Ապագա՝ առանց Ցեղասպանության» խորագրով հատուկ ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացվելու են հայ և այլ ազգի ռեժիսորների Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր:

Տարեցտարի շարունակվում և ընդլայնվում է ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև 2013-ին ստեղծված գործակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվել էր «Պատիվ ունեմ» անվանակարգը: Այս տարի փառատոնին մասնակցած 5 զորամասերին ավելացել են ևս 3-ը:

Փառատոնի ավանդական դարձած մարզային փուլը նախատեսվում է իրականացնել Շիրակում (Գյումրի), Լոռիում (Վանաձոր, Ալավերդի, Շնող, Թեղուտ), Գեղարքունիքում (Գավառ) և Տավուշում (Դիլիջան):

2006-ից ի վեր ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամը Արցախում իրականացրել է մի շարք բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութային, սոցիալական, կրթական: Շարունակելով համագործակցությունը ԼՂՀ մշակույթի նախարարության հետ` այս տարի ևս փառատոնին հաջորդող 40 օրերի ընթացքում կկազմակերպվեն փառատոնի լավագույն ֆիլմերի կինոդիտումներ Արցախի բոլոր շրջաններում:

Փառատոնը, հանդիսանալով միջազգային հարթակ և ընդլայնելով իրականցվող ծրագրերը, 2015-ին առաջին անգամ կինոդիտումներ կկազմակերպի նաև Ջավախքում։ Նպատակը Հայաստան-Ջավախք մշակութային համագործակցությունը խորացնելը և հետագայում ընդլայնելն է: ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի առաջնային ծրագրերից է փառատոնին հայկական համայնքների անմիջական մասնակցությունն ապահովելով Հայաստան-սփյուռք մշակութային կամուրջն ամրապնդելը:

Հատուկ ուշադրության է արժանի փառատոնի շրջանակում նախատեսվող «Ես կօգնեմ» խորագրով բարեգործական ակցիան` ուղղված ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող անապահով ընտանիքների երեխաներին:

Ակցիային կարող են մասնակցել ինչպես անհատներն ու պետական կառույցները, հիմնադրամներն ու այլ կազմակերպություններ, այնպես էլ հանդիսատեսը՝ փառատոնային 5 օրերի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր դիտումներին բերելով խաղալիքներ, մանկական գրքեր կամ այլ օգտակար իրեր: Ի դեպ ակցիան կշարունակվի նաև կինոդիտումներից հետո՝ տևելով մինչև նոյեմբերի 27-ը: Այդ ընթացքում հանգանակությունները կարող են հանձնվել ՀՀ «Ռոլան Բիկով» հիմնադրամի գրասենյակ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---