ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. ՀՀ-ի հետ գործակցության սահմանագիծ չունենք

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ. ՀՀ-ի հետ գործակցության սահմանագիծ չունենք

PanARMENIAN.Net - Արդեն մոտ երկու տասնամյակ է Հայաստանը ՆԱՏՕ-ի շրջանակում անհատական գործընկերության գործողությունների ծրագրի անդամ է և որևէ անհամատեղելիության հարց չկա Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու և ՆԱՏՕ-ի հետ գործակցության եզրեր ունենալու համար։ Այս մասին նոյեմբերի 9-ին ասել է ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսման՝ «ՆԱՏՕ-Հայաստան գործակցություն. նոր նպատակներ ու հեռանկարներ» քննարկման շրջանակում։

Հարցին, թե որն է գործակցության սահմանի կարմիր գիծը, այսինքն` մինչև որ սահմանը կարող է գործակցություն լինել, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք մեր կողմից ոչ մի կարմիր գծեր չենք սահմանել, չեմ տեսնում նման գծեր, մենք ողջունում ենք Հայաստանի գործակցությունն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին»։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ միասին ձևավորել է հաջող քաղաքական երկխոսություն:

«Կան բազմաթիվ այլ երկրներ, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, բայց դրա հետ մեկտեղ շարունակում են գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք Հայաստանի հետ ունենք բավական լավ քաղաքական գործակցություն, և ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը՝ Աֆղանստանում, թե՛ Կոսովոյում։ Հայաստանի հետ նաև ծավալում ենք բավականին հաջող երկխոսություն անվտանգության ոլորտում», - ասել է Էլգերսման, գրում է Tert.am-ը:

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները սկսվել են 1992թ., երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդին, որն ավելի ուշ վերանվանվեց Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդի (Հայաստանը ԵԱԳԽ-ի անդամ է 1997թ-ից): Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ է՛լ ավելի ընդլայնվեց, երբ 1994թ. Հայաստանը միացավ Գործընկերություն Հանուն Խաղաղության ծրագրին:

Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն գործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:

Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---