Լավրովը՝ Ուոլթերի հակահայկական զեկույցի մասին. Ցանկացած ռադիկալ գործողություն վնասում է ԵԱՀԿ ՄԽ-ին

Լավրովը՝ Ուոլթերի հակահայկական զեկույցի մասին. Ցանկացած ռադիկալ գործողություն վնասում է ԵԱՀԿ ՄԽ-ին

PanARMENIAN.Net - Ցանկացած ռադիկալ գործողություն, ում կողմից էլ այն չձետնարկվի, վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Այս մասին նոյեմբերի 9-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն՝ անդրադառնալով նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը հավանության արժանացնելուն ու այն ԵԽԽՎ օրակարգ ներառելուն:

Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին: Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

«Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս հակամարտությունը հետևողական, համբերատար երկխոսության միջոցով կարգավորելու ուղղությամբ: Հարցը իրոք շատ բարդ է, իսկ ցանկացած ռադիկալ գործողություն, անկախ իրագործողից, վնասում է Մինսկի խմբին»,- նշել է Լավրովը, մեջբերում է Aysor.am-ը:

Վերջինիս խոսքով՝ փորձել դուրս գալ միջազգային կազմակերպությունների վրա, որոնք չեն զբաղվում հակամարտության կարգավորմամբ և չունեն դրան ուղղված միջազգային հանրության մանդատ, սխալ է:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հատկապես մանրակրկիտ քննարկվել են հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը: Նա հայտնել է, որ Ռուսաստանը սատարում է Հայաստանի պատրաստակամությունը ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում, գրում է Galatv.am-ը:

«Հարցը գտնվում է Վլադիմիր Պուտինի ուշադրության կենտրոնում և Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն, ակտիվորեն շարունակելու է իր դերակատարությունը դրական արդյունքի հասնելու համար», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ կա երկուստեք համերաշխության և աջակցության անհրաժեշտություն, երկու երկրները կարող են գլոբալ խնդիրների, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցերում ակնկալել փոխադարձ աջակցություն:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով հանդիպումները կանոնավոր բնույթ ունեն:

Նա ասել է, թե հանդիպումների պարբերականությունը բնական է, որովհետև ՀՀ-ն ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, գրում է Tert.am-ը:

«Արտգործնախարարների հանդիպումներ ենք ունեցել Մոսկվայում, Երևանում, և սա ևս մեկ լավ առիթ էր՝ քննարկելու համաձայնությունների կատարման ընթացքը: Մեր պետությունների ղեկավարները ևս ինտենսիվ հանդիպումներ են իրականացնում: Հանդիպումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ-ի, ԵՏՄ շրջանակներում, մեր նախագահը սեպտեմբերին, մայիսին այցելել էր Մոսկվա», - ասել է Նալբանդյանը:

ՌԴ արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին նշել է, թե քննարկվել են միջազգային, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցը՝ ուղղված բացառապես խաղաղ կարգավորմանը:

«Մենք դիտարկեցինք երկու նախագահների համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք կնքվել էին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցելության ընթացքում: Այն, ինչի մասին պայմանավորվել էին նախագահները, իրականացվում է։ Գուցե ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք, լինում են օբյեկտիվ պատճառներ, բայց ամեն դեպքում գործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ ներդրումների, վառելիքաէներգետիկ ոլորտում: Իջեցվել է Հայաստան մատակարարվող գազի գինը», - ասել է Լավրովը:

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է նախագահ Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---