12 նոյեմբերի 2015 - 15:01 AMT
Սահմանադրական հանրաքվեի օրը ՀԱԿ-ն անդամ չի ունենա 116, «Ժառանգությունը»՝ 245 տեղամասում

Սահմանված ժամկետում ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու իրենց հայտերը:

ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը` ժամը 18:00-ն:

Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1.997 տեղամասային հանձնաժողովներում: «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118 տեղամասային հանձնաժողովում, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովում:

Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից:

ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման: