Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկել է մասնակիորեն սառեցնել բանակցային գործընթացը Թուրքիայի հետ Եվրամիությունում նրա անդամակցության հարցի շուրջ, հաղորդում է AFP գործակալությունը, հղում անելով ԵՄ-ում անանուն աղբյուրի: Նրա վկայությամբ, Եվրամիության գործադիր իշխանության նման քայլը կապված է նրա հետ, որ թուրքական իշխանությունները հրաժարվեցին բացել իրենց ծովային նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության դրոշի ներքո ընթացող նավերի համար: Նշվում է, որ բանակցությունները կդադարեցվեն Թուրքիայի եւ Կիպրոսի իշխանությունների փոխհարաբերություներին վերաբերող 35 կետերից 8-ի առնչությամբ, մասնավորապես, համատեղ մաքսային քաղաքականության հարցի վերաբերյալ: Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչը հայտարարել է, որ թուրքական կողմը վաղ թե ուշ ստիպված կլինի զիջումների գնալ, քանի որ առանց պահանջների ողջ ցուցակի համաձայնեցման մուտքը ԵՄ նրա համար փակ կլինի:



2006 թվականի դեկտեմբերի 11-ին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները կհավաքվեն ընդլայնված նիստի: Նրանք պետք է ընդունեն կամ մերժեն Եվրահանձնաժողովի առաջարկը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերն արդեն հայտարարել է, որ Եվրամիության անդամակցության հարցում Թուրքիային մերժելը «լուրջ սխալ» կլինի:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Եվրամիության, որը ներկայացնում էր Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյան, եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ անարդյունք վերջացան: Դա կատարվեց այն ժամամանկ, երբ ամսվա սկզբին Եվրահանձնաժողովը վերջնագիր ներկայացրեց թուրքական իշխանություններին, պահանջելով կատարել միավորված Եվրոպայի առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները: Վերջին մի քանի ամսվա ընթացքում ԵՄ-ն սպառնում էր Թուրքիային լիովին կամ մասնակիորեն դադարեցնել բանակցությունները, եթե նա չբացի նավահանգիստները կիպրոսյան նավերի համար: Սակայն փոխարենն Անկարան պահանջում է, որ Եվրամիությունը հանի տնտեսական պատժամիջոցները Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունից 2004 թվականի պայմանավորվածությունների համաձայն, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---