Դավիթ Ջամալյան. Լարվածության հերթական փուլը կարող է հրահրված լինել Թուրքիայի կողմից

Դավիթ Ջամալյան. Լարվածության հերթական փուլը կարող է հրահրված լինել Թուրքիայի կողմից

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի նպատակն է՝ կայուն պարբերականությամբ լարվածության օջախներ ստեղծել հայկական պետությունների հետ սահմանի տարբեր հատվածներում: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն` անդրադառնալով` ադրբեջանական կողմից Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ արձակված տանկային կրակոցին, հայտնում է Panorama.am-ը:

«Պետք է իրատես լինել՝ պաշտոնական Բաքվի այս քաղաքականությունը հեռանկարում անփոփոխ է մնալու: Ըստ այդմ՝ պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է ցանկացած զարգացումների»,-ասել է նա:

Ըստ նախարարի խորհրդականի, հավանական է, որ լարվածության այս հերթական փուլը կարող է հրահրված լինել Թուրքիայի կողմից: Նա նաև փաստեց, որ սահմանային լարվածության անընդհատության պահպանումը նախագահ Ալիևի իշխանության «ոճական առանձնահատկություններից» է:

«Վերջին շրջանում հաճախ կարելի է լսել «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Ահա մեր դեմ Ադրբեջանը հենց այդպիսի հիբրիդային պատերազմ է տանում, և սահմանային անընդմեջ լարվածությունն այդ հիբրիդային պատերազմի բաղադրիչներից է»,- նշեց Ջամալյանը:

Անդրադառնալով այն հավանականությունը, որ սահմանային այս տեսակ լարվածությունը կարող է վերածվեկ լայնածավալ պատերազմական գործողությունների` նախարարի խորհրդականը տվեց բացասական պատասխան:

«Արցախի տարածքի զավթումը բարդագույն, անիրականանալի խնդիր է ադրբեջանական բանակի համար՝ անգամ նրա ներկա սպառազինվածությամբ: Հետևաբար, չեմ կարծում, թե սահմանին առկա լարվածությունը կարող է վերաճել մեծ պատերազմի: Տվյալ դեպքում՝ նոր որակի լարվածություն է ստեղծվում, քանզի խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումը դառնում է առօրեական մի բան, ինչն անշուշտ մտահոգիչ է»,- ասաց Դ.Ջամալյանը՝ շեշտելով, որ ագրեսիայի ցանկացած դրսևորման դիմաց հակառակորդը պետք է հուժկու հարված ստանա ու ցավոտ կորուստներ կրի:

«Մեր սահմաններին հարաբերական անդորրը կլինի այնքան ավելի երկար, որքան ավելի մեծաթիվ կլինեն հակառակորդի կորուստները: Այս դիրքորոշումը խարսխված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կենսափորձի վրա, և սկզբունքորեն նոր չէ: Հավանաբար, նկատած կլինեք, որ տարիներ շարունակ սույն թեմային անդրադառնալիս ես նույն այս տեսակետն եմ արտահատում: Ցավոտ հարվածը թշնամուն զսպելու միակ միջոցն է»,- նկատեց Ջամալյանը:

Անդրադառնալով բանակի ու նրա ղեկավարության դիրքորոշմանը Դ.Ջամալյանը նշեց, որ հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչության ղեկավարները և բարձրագույն հրամանատարական կազմը համակարծիք են. «Ակտիվ նախաձեռնողականությամբ, թշնամու կամքը կաթվածահարող հանդգնությամբ դրության տերը լինել պետական սահմանին»:

«Ուստի պետք է օրինաչափ համարել այն, որ այս օրերին հակառակորդը ծանր կորուստներ կրեց մեր հարվածներից: Այդպես է լինելու նաև հետայսու. այլ ելք չկա»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը, կրկին չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը:

Դեկտեբերի 6-ից իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրվում է: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---