Stratfor. Մոսկվան գտել է Թուրքիայի ցավոտ կետը

Stratfor. Մոսկվան գտել է Թուրքիայի ցավոտ կետը

PanARMENIAN.Net - Թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո, Մոսկվան աշխատում է պատժել Անկարային` թե տնտեսապես, թե քաղաքական հարթակում: Կրեմլը լավ գիտի իր հակառակորդների աշխարհաքաղաքական թուլությունները, և Թուրքիայի դեպքում կարծես գտել է այդ ցավոտ կետը, գրում է հետախուզական վերլուծական Stratfor ընկերությունը` համարելով, որ այդ կետը Թուրքիայի համար քրդերն են, հայտնում է Slon.ru-ն:

Դեկտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշի հետ: Ավելի վաղ` հոկտեմբերին, ռուսական ԱԳՆ-ն քննարկում էր Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացելու հարցը, իսկ դեկտեմբերի կեսին արդեն Մոսկվան պնդում է, որ սիրիական քրդական Ժողովրդական միությունը մասնակցի Սիրիայի շուրջ բանակցություններին: Ռուսաստանը գիտի, որ սատարելով քրդերին, թուլացնում է Անկարային, գրում է Stratfor-ը:

Ըստ վերլուծաբանների, Ժողովրդավարական միության մասնակցությունը բանակցություններին ի վերջո կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը: Այդպիսի ինքնավարությունը հրաշալի հենակետ կդառնա Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ակցիաների պատրաստման համար: Այսպիսի զարգացումը շատ վատ կլինի Թուրքիայի համար և Մոսկվան դա գիտի:

Ըստ ընկերության փորձագետների, ՌԴ-ն վաղեմի հարաբերություններ ունի ՔԱԿ և այլ քրդական խմբավորումների հետ` 1970-ականներին ՔԱԿ-ը կազմավորվեց որպես մարքսիստալենինյան կուսակցություն, 90-ականներին այն ներկայացուցչություն ուներ ՌԴ-ում, իսկ առաջնորդ Օջալանը Սիրիայից արտաքսվելուց հետո 2 անգամ այցելել է Ռուսաստան` ապաստան գտնելու ակնկալիքով:

Հուլիսին Անկարայի և ՔԱԿ միջև հրադադարը խախտվեց, առճակատումը միայն սրվում է: Էրդողանը խոստացել է «բնաջնջել» քուրդ զինվորականներին, թեև իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հորդորում են նվազեցնել լարվածությունը:

Այժմ արդեն Անկարան պետք է մտածի հնարավոր բարդությունների մասին, գրում է Stratfor-ը: Կարող է արծարծվել Թուրքիայում քրդական ինքնավարության հարցը` ստանալով ՔԱԿ աջակցությունը: Սեփական դերը Մերձավոր Արևելքում բարձրացնելու Անկարայի ձգտումը մի կողմից հաշվի չի առնում ներքին խնդիրները քաղաքական և անվտանգության ասպարեզում, մյուս կողմից` բախվում է Մոսկվայի նմանատիպ ցանկությանը: Թուրքիային դեռ չի հաջողվում հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ներողություն խնդրելուց հրաժարվելուն Մոսկվան պատասխանում է պատժամիջոցներով, իսկ հիմա արդեն գործի դնելով ևս մեկ ցավոտ կետ` հարաբերությունները քրդերի հետ, գրում է Stratfor-ը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա:

Մինչդեռ ՌԴ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բագդասարովը հայտարարել էր, ՌԴ-ն պետք է սկսի աջակցել քրդերին` ապահովելով զենքով ու տեխնիկայով: Որովհետև, եթե Թուրքիան որոշի լրջորեն մտնել Սիրիայի տարածք, առաջինը հարվածի տակ կհայտնվեն քրդերը, որի ելքից կախված կլինի պատերազմի հետագա ընթացքը:

«Այս իրավիճակում կասկած չկա, որ պետք է աշխատել քրդերի հետ: Եթե թուրքական կողմից սիրիական սահմանը խախտվի, ամեն ինչ շատ վատ ընթացք կստանա սիրիական բանակի համար, քանի որ միայն ՌԴ օդուժը չի կարողանա այդ հարձակումը կասեցնել: Իսկ քրդերին օգնել կարելի է և պետք է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---