Թամանյանի նամակների ու բացիկների ցուցահանդես՝ Երևանում

Թամանյանի նամակների ու բացիկների ցուցահանդես՝ Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 28-ին բացվել է «Ալեքսանդր Թամանյանի նամականին» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել հայ նոր ճարտարապետության հիմնադիրի անձնական արխիվում պահպանված նամակներն ու բացիկները:

Ներկայացված բացառիկ ցուցանմուշները յուրովի են բացահայտում մեծ ճարտարապետին, ընտանիքի հորը և ընկերոջը, գրում է «Ա1+»-ը:

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:

ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով ճարտարապետական թամանյանական դպրոցը:

Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906): Նրա նախագծով 1907–13-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ:

1914-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1917-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 191-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1921 թ-ին՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923-ին հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հազարբնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան (բացվել է 2007-ին):

1934 -ին ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հազար բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով. թատրոնի շենքը երկդահլիճ է` մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման` դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ (1937 -ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի): Կառավարական տունը և թատրոնի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների՝ նախ` Հանրապետության հրապարակի համալիրի, ապա՝ թատրոնի շրջակա տարածքի և Հյուսիսային պողոտայի լուծումները:

Թամանյանի անունով Երևանում կոչվել են փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---