ԱԳ փոխնախարար. Միջնորդներն արդեն անհանգստացած են և ԼՂ խնդրի կարգավորման նոր ուղիներ են փնտրում

ԱԳ փոխնախարար. Միջնորդներն  արդեն անհանգստացած են  և ԼՂ խնդրի կարգավորման նոր ուղիներ են փնտրում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքը, թե նախագահների հանդիպումը ձևական էր, շատ հստակ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված բանակցություններին: Այս մասին Կառավարության հունվարի 14-ի նիստից հետո, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Դա արդեն բավարար է հասկանալու այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը և ԵԱՀԿ համանախագահների նկատմամբ, և հակամարտության կարգավորման սկզբունքների նկատմամբ: Եվ սա է պատճառը, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա», - ասել է փոխարտգործնախարարը, գրում է Aysor.am-ը:

Որպեսզի բանակցային գործընթացում լինի առաջընթաց, ըստ պաշտոնյայի, հարկավոր է ոչ այնքան գործընթացի ակտիվացում, որքան կողմերի մոտեցումներում առաջընթաց.

«Իհարկե միջնորդները, համանախագահները ձգտում են, որ լինի առաջընթաց, հաճախ լինեն հանդիպումներ: Բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, որը եղավ վերջինը Բեռնում և որը Ադրբեջանի նախագահը բնութագրեց որպես ձևական, ուրեմն առաջընթաց չի կարող լինել: Սա է խնդիրը, որը իր հերթին պարտադրում է նույն միջնորդներին, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ վերլուծել և անդրադառնալ այս ամեն ինչին, որովհետև այսպես շարունակելը որևէ դրական արդյունքի չի կարող բերել», - ասել է Քոչարյանը:

«Միջնորդների առաջարկությունները շեշտադրվել են այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, այդ թվում` համապատասխան սարքավորումների ներդրում: Բնական է՝ Ադրբեջանը դրան դեմ է գնում, բայց սա ցույց է տալիս, որ միջնորդները արդեն անհանգստացած են և փորձում են նոր ուղիներ փնտրել: Եվ եթե այս ուղղությամբ էլ հաջողության չհասնեն, ապա ուշ թե շուտ, պետք է հասունանան մեկ այլ մոտեցումներ` կամ Ադրբեջանին պարտադրանք, կամ էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման գործընթաց»:

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվել է մեկ ժամից ավելի:

Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե:

Բեռնում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---