Standard & Poor's-ն Ադրբեջանի վարկանիշը նվազեցրել է մինչև «աղբային» մակարդակի

Standard & Poor's-ն Ադրբեջանի վարկանիշը նվազեցրել է մինչև «աղբային» մակարդակի

PanARMENIAN.Net - Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը ազգային արժույթով և արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն իջեցրել է՝ «BBB-»-ից (ներդրումային մակարդակի վերջին աստիճանից)՝ BB+ «աղբային» մակարդակ, հայտնում է Tert.am-ը:

Դա տեղի է ունեցել նավթի գների անկման ֆոնին: Գործակալությունից հայտնել են, որ իրենց գնահատականով Ադրբեջանի կառավարությունը բյուջեի դեֆիցիտ է գրանցելու մինչև 2018-ի ավարտը, գրել է «Գազետան»:

S&P-ն նշել է, որ սա Ադրբեջանի ռեյթինգավորման ամբողջ շրջանում առաջին իջեցումն է:

Նավթի գների անկումը ծանր կացություն է ստեծղել Ադրբեջանի տնտեսության ոլորտում: Նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումն այդ երկրում:

Համաշխարհային բանկերը նվազեցրել են նավթի գնի վերաբերյալ իրենց կանխատեսումները 2016-ի համար: Barclays-ը Brent-ի և WTI-ի համար ակնկալում է $37: Ավելի վաղ բանկը ենթադրում էր, որ 2016-ին Brent-ի միջին արժեքը կկազմի $60, WTI-ը` $56 մեկ բարելի համար:

Մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանում կտրուկ գնաճ է արձանագրվել ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծվող ապրանքների համար:

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները:

2015թ-ին ընդհանուր առմամբ Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով՝ 13.7 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդի: Պահուստները շեշտակի անկումը պայմանավորված է մանաթի փոխարժեքը կայուն պահելուն միտված ԿԲ-ի քաղաքականությամբ: 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

Տարեսկզբին Ադրբեջանում նախորդ տարվա մեկնարկի համեմատ արդեն ավելի քան 25 000 աշխատատեղ է փակվել շինարարության ոլորտում:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---