Նախագահ. Սահմանադրական փոփոխությունները մասնավոր հարցեր լուծելու գործիք չեն, այլ՝ երկրի խնդիրները հաղթահարելու միջոց

Նախագահ. Սահմանադրական փոփոխությունները մասնավոր հարցեր լուծելու գործիք չեն, այլ՝ երկրի խնդիրները հաղթահարելու   միջոց

PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունները հերթական՝ այս կամ այն կառույցի կողմից պարտադրված, ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն, դրանք երկրի առջև ծառացած մարտահրավերները, իրականության խնդիրները հաշվի առնող ու դրանց հաղթահարելուն ուղղված միջոց են: Այս մասին փետրվարի 12-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նախագահի նստավայրում հյուրընկալելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:

Նրա խոսքով՝ երկրում ամբողջ թափով սկսվել է նոր քաղաքական համակարգի ձևավորման, նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը:

«Վստահ եմ, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց, ճկուն և ներքուստ բարդ: Այն կհամապատասխանի մեր հասարակության դինամիկ և բազմակողմանի զարգացող սոցիալական կառուցվածքին: Կարձագանքի ազատ, ապահովված, քննադատական մտածելակերպ ունեցող մարդկանց քաղաքական մշակույթին», - ասել է նախագահը:

Սարգսյանը նշել է, որ ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական գործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ:

Միաժամանակ, նախագահն ընդգծել է, որ քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ: Նման կոնսենսուս գոյություն ունի գրեթե բոլոր ժամանակակից ժողովրդավարական երկրներում:

«Մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են մեզ օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի», - ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մենք պարտավոր ենք հասնել սոցիալական համերաշխության երկրի ներսում: Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ, և մենք պարտավոր ենք էապես բարձրացնել հասարակական հարաբերություններում արդարության հաստատման գործընթացի տեմպը:

Պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ: Էլի՞ ենք խոսել այս մասին: Իհարկե, խոսել ենք բազմիցս: Ու դեռ շատ ենք խոսելու: Մեզ հաջորդողներն էլ են խոսելու այս մասին, նրանց հաջորդողներն էլ: Սա չի նշանակում, որ առաջընթաց չկա, իհարկե՛ կա, արդար աչքը շատ բան կտեսնի, բայց կրկնում եմ՝ նոր արագություն է պետք հաղորդել այս ուղիով մեր ընթացքին:

Նախագահը նաև նկատել է, որ չպետք է բավարարվել միայն Հայաստանի ներքին խնդիրների կարգավորմամբ: « Աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ հարկադրում են միավորել աշխարհասփյուռ ամբողջ հայությանը՝ ապահովելու համար մեր ժողովրդի անվտանգ գոյությունը և տեղն աշխարհում: Այդ տեսանկյունից ուղղակի անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն և հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող, գրավիչ, հույսեր ներշնչող օրրան», - ասել է նախագահը:

Այս համատեքստում Սարգսյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունները հերթական՝ այս կամ այն կառույցի կողմից պարտադրված կամ որևէ կառույցի անդամագրվելով պայմանավորված կամ էլ ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն: Դրանք երկրի առջև ծառացած մարտահրավերներ են, մեր քաղաքական կյանքը, մեր իրականության խնդիրները հաշվի առնող ու դրանց հաղթահարելուն ուղղված միջոց են:

«Ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ: Անհավասարություն, անարդարություն, անպատժելիություն, հիասթափված ժողովուրդ, աղքատություն, արտագաղթ՝ սրանք ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար մարտահրավերներ են: Մեր երկրին պետք են ոչ թե այս կամ այն ծրագրի չկայանալը հիմնավորող պաշտոնյաններ, այլ՝ ամեն գնով այդ ծրագրերն իրականացնող չինովնիկներ», - ասել է նախագահը:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա: Իշխանության բոլոր ճյուղերում էլ շատ մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ: Սրանով իրենց կարծիքով երկու կարևոր խնդիր է լուծվում.

1. հարցի լայն քննարկման սահմանափակում, այլընտրանքային գաղափարների մերժում և, հաճախ, անձնապես ձեռնտու տարբերակների անցկացում՝ սեփական անպարկեշտությունը ուրիշներին վերագրելով,

2. պատասխանատվության փոխանցում դեպի «վերին օղակ»՝ զերծ մնալով հնարավոր սխալների դեպքում քննադատության թիրախ դառնալուց:

Սարգսյանն ասել է, որ երկու հստակ դիտարկում ունի այս առիթով.

1. նախ «վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա,

2. հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց:

Նախագահը շեշտել է, որ մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքից ու պահվածքից է կախված հավատը դեպի սեփական պետությունը: Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ.

- Իշխանությունը թափանցիկ է և ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա և ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջև այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, և որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով,

- Արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է և անկաշառ։ Օրենսդիրը բանիմաց է և հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձևն է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու և պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ,

- Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ամբողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով,

- Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման և առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար,

- Մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները և մյուսները, լիարժեք ինքնադրսևորվում են,

- Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ և կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարևորությամբ,

- Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է:

Այս համատեքստում նախագահը նկատել է, որ քաղաքական մշակույթը չի կարելի վերափոխել առաջատար հասարակությունների քաղաքական սովորությունների պարզ ընդօրինակման շնորհիվ: Արդյունավետ դատական համակարգը չի կարելի ներմուծել:

«Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն: Մենք սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը: Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն և կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին», - նշել է Սարգսյանը:

Նա շեշտել է, որ նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից: Իրավապահ մարմիններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պետք է բարձրացնենք որակական նոր մակարդակի: Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: Նախագահի խոսքով՝ այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ՝ որն է պետության շահը, և որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---