2016-ը Թուրքիայի զբոսաշրջության համար կարող է ամենաբարդը լինել վերջին 20 տարում

2016-ը Թուրքիայի զբոսաշրջության համար կարող է ամենաբարդը լինել վերջին 20 տարում

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարին կարող է ամենաբարդը դառնալ Թուրքիայում օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար վերջին երկու տասնամյակում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար, ազդեցիկ թուրք քաղաքական գործիչ Էրթուգրուլ Գյունայը:

«2016-ը Թուրքիայի զբոսաշրջության որոլտի համար կարող է ամենաբարդը լինել վերջին 20 տարում: Հունվարն ավանդաբար «մեռյալ» ամիս է Թուրքիայի զբոսաշրջության համար և, այնուամենայնիվ, ընթացիկ տարվա հունվարին ռուս զբոսաշրջիկների քանակը նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է 5 անգամ, այնպես որ միտումը պարզ է»,-ասել է Գյունայը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, այս պայմաններում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, գուցե, ավելի ագրեսիվ գովազդային արշավ վարի, ավելի շատ միջոցառումներ կազմակերպի:

«Սակայն միայն նախարարության ջանքերը բավարար չեն: Զբոսաշրջության նախարարությունը չի կարող հանգուցալուծել ՌԴ հետ ճգնաժամը: Այստեղ պետք է սերտ աշխատեն տարբեր գերատեսչությունները, հիմնականում կառավարությունը: Քայլեր է պետք ձեռնարկել թուրք հանրության ժողովրդավարացման ուղղությամբ` բարելավելու համար Թուրքիայի իմիջը եվրոպացիների աչքում: Այժմ այդ ուղղությամբ դրական փոփոխություն չկա»,-ասել է նա: Զգալիորեն նվազել է ոչ միայն ռուս զբոսաշրջիկների քանակը, այլ նաև Իտալիայից, Բելգիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից այցելուների թիվը:

2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց Սիրիայի երկնքում, որից հետո ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան: Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի հետ: Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից չեղարկել է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում:

Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին` երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ նշվում են տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի նվազումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին:

Ավելի վաղ գերմանական Die Zeit-ը գրել է, որ զբոսաշրջությունը Թուրքիայում կորցրել է հիմնական հաճախորդներին, որի հետևանքներն աղետալի կլինեն երկրի տնտեսության համար: Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսի վրա, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա: «Զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության շատ կարևոր մաս է և արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը»,-ասում է Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության մասնագետ Մարտինա Սիմոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---