Արդարադատության փոխնախարարը՝ ՀՀ նոր օմբուդսմեն

Արդարադատության   փոխնախարարը՝ ՀՀ   նոր օմբուդսմեն

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 23-ին ավարտվել է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քվեարկությունը:

Ըստ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 7, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Փակ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, ԲՀԿ-ն որոշումը թողել էր պատգամավորների կամքին, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Քվեարկությունից հետո տեղի է ունեցել Թաթոյանի երդման արարողությունը։ «Երդվում եմ հավատարիմ լինելով ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները», - ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու՝ խորհրդարանի լիագումար նիստին ներկայացվել է ՀՀԿ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը: Այս որոշումն ընդունվել է փետրվարի 12-ի հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում: Պաշտոնապես առաջադրվել էր Օմբուդսմենի 3 թեկնածու: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված թեկնածուները 3-ն են` Արման Թաթոյանը` Հանրապետական խմբակցության կողմից, Զարուհի Փոստանջյանը` ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից և իրավապաշտպան Նարեկ Ալոյանը` Տիգրան Ուրիխանյանի կողմից:

Քվեարկությունից առաջ՝ ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում դեռևս ՄԻՊ թեկնածու Թաթոյանը հայտարարել է, թե իր իրավական կարգավիճակի շրջանակում գործակցելու է բոլորի հետ, անկախ նրանից՝ ով ինչպես է քվեարկելու:

Նա նշել է, որ պատրաստվում է բացառապես այն սկզբունքների շրջանակում առաջ շարժվել, որոնք ներկայացրել է և կարևոր է համարում որ պաշտպանը աշխատի՝ զերծ լինելով որևէ կողմնորոշումից, գրում է Tert.am-ը:

Թաթոյանը նկատել է, որ չի տալիս այնպիսի խոստումներ, որոնք չի կարողանալու կատարել:

«Մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը չպետք է խղճահարություն առաջացնի, Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է պաշտպանության կարիք ունենա, պետք է աջակցության կարիք ունենա»,- ասել է նա:

Թաթոյանը հայտնել է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է իր հնարավորությունները կապերը օգտագործել՝ ուժեղացնելու աշխատակազմը: Նա ասել է, որ ՄԻՊ-ը պետք է միջազգային կազմակերպությունների լիարժեք մասնակից լինի և նույնիսկ այդ չափանիշների թելադրողը:

«Չի կարելի դիտարկել ՄԻՊ-ին պետության թշնամի, ՄԻՊ-ը լրացնում է պետական մարմինների համակարգը»,- նկատել է նա:

Նրա ելույթից հետո սկսվել էր գաղտնի քվեարկությունը:

Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---