Ռազմարդյունաբերական ոլորտի ինտերնետային նոր հանգույց կարող է ստեղծվել

Ռազմարդյունաբերական ոլորտի ինտերնետային նոր հանգույց կարող է ստեղծվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, շրջել է ձեռնարկության տարածքում և ծանոթացել այստեղ կատարված շինարարական աշխատանքներին:

Ձեռնարկության տնօրեն Արսեն Թառոյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող ռազմարդյունաբերական պետական կոմիտեի շնորհանդեսային կենտրոնի վերանորոգված տարածքն ու կենտրոնի գործարկման հետ կապված հարցերը: Ներկայացվել են նաև ձեռնարկությունում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախագծերը: Շրջայցի ընթացքում Արսեն Թառոյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին և հանդես եկել համագործակցության մի շարք առաջարկություններով:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել գիտահետազոտական ձեռնարկությունում կատարված աշխատանքները, առաջարկություններ արել շնորհանդեսային կենտրոնի կահավորման և գործարկման վերաբերյալ, ինչպես նաև հորդորել է ամրապնդել ռազմարդյունաբերական պետական կոմիտեի, ձեռնարկությունների և տնտեսության այլ ճյուղերի կապն ու մտածել սպառման խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ինտերնետային նոր հանգույցի ստեղծման գաղափար, որտեղ պետք է ներկայացված լինեն հայկական բոլոր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքները, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանում գործում են մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, մասնավորապես՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Պատնեշ» ՓԲԸ, «Գառնի լեռ» ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ և «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում «Ֆերոն» ՍՊԸ-ին տրամադրեց զենքի արտադրության լիցենզիա «Ֆերոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ:

2015-ի ապրիլին ՀՀ նախագահը ստորագրել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը:Օրենքի նպատակը ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումն է:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---