ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միանում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությանը (ՏՀՏԳՄ): Միության գլխամասային գրասենյակում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՏՀՏԳՄ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը խոսել են կազմակերպությունների համագործակցության ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

ՏՀՏԳՄ-ն ստեղծվել է Հայաստանի ՏՀՏ մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնելու ոլորտի գործատուների իրավունքներն ու պաշտպանելու նրանց շահերը: Միությունը հնարավորություն կտա ամրապնդելու ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցելու ՏՀՏ ոլորտի և բիզնես միջավայրին վերաբերվող օրենսդրության՝ ոլորտի փոփոխվող պահանջներին համապատասխանեցմանը, նպաստելու փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը, ինչպես նաև խթանելու ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացմանն ու նոր կազմակերպությունների ստեղծմանը:

ՏՀՏ գործատուների միությունը կոչված է մեր երկրում այս ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր նախաձեռնելուն, ինչպես նաև նմանատիպ նախագծերի իրականացմանն աջակցելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը ՏՀՏ գործատուների միությանը կօգնի միության անդամներին համադրել ջանքերը ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցել է Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված երկարաժամկետ լայնամասշտաբ ծրագրերին: Հաջողված նախագծերից են՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը, ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագրի շրջանակում՝ հանրակրթական 5 դպրոցում «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների ներդրումը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ ուսումնական ծրագրերի արդիականացումը, Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան և այլ ծրագրեր, որոնց համար մինչև 2016 թ. ներդրվել է շուրջ 735 միլիոն դրամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Միության գործունեության հիմնական թիրախներն են՝ ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի վերապատրաստումը, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ՏՀՏ կրթական ծրագրերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, տեղի և արտասահմանյան ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծմանը նպաստելը, ինչպես նաև բիզնես և իրավաբանական խորհրդատվության տրամադրումը:

ՏՀՏ գործատուների միությունը պատրաստվում է իր առջև դրված խնդիրները և նպատակներն իրականացնել՝ համագործակցելով ՀՀ կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների և գործակալությունների, այլ երկրների պետական, հասարակական և ՏՀՏ կառույցների հետ:

«Ինչպես յուրաքանչյուր կազմակերպություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի իր օրակարգը, առաքելությունն ու տեսլականը, համաձայն որոնց կայացվում են որոշումներ՝ Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության, ներգրավվածության մեթոդների և աստիճանի վերաբերյալ: Հետադարձ հայացքով գնահատելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ և մասնակցությամբ իրականացված ազգային նշանակության երկարաժամկետ ծրագրերի արդյունքները՝ մենք համոզվում ենք, որ նպատակներին առավել արդյունավետ և արագ կերպով հասնելու համար համագործակցությունը չափազանց կարևոր է: ՏՀՏ յուրաքանչյուր կազմակերպության մրցակցային առավելությունների մեկտեղումն ավելին է, քան առանձին առավելությունների գումարը: Ըստ մեզ՝ հենց դրանում է կայանալու ՏՀՏ գործատուների միության դերակատարումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ՏՀՏ գործատուների միությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածում ապացուցել է, որ հանդիսանում է էֆեկտիվ կառույց ՏՀՏ ոլորտի համախմբման, գործատուների շահերի պաշտպանության, մասնագիտական կարողությունների ընդլայնման բնագավառում: Շատ պատվաբեր և պարտավորեցնող է ՎիվաՍել-ՄՏՍ-ի անդամակցությունը մեր միությանը: Դա կնպաստի ոլորտի գործատուների կոնսոլիդացիային և նոր ուժ կհաղորդի միության կողմից իրականացվող ծրագրերին: Միությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ում նպատակը ՏՀՏ և հարակից ոլորտների գործատուների շահերի պաշտպանությունն է, Հայաստանի ՏՀՏ ոլորտի թռիչքաձև և երկարատև զարգացումը, համաշխարհային շուկայում իր ուրույն տեղի հաստատմամբ»,-ասել է միության նախագահ Արմեն Բալդրյանը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---