«Նյու Յորք Թայմս». Հրանտ Դինքի սպանությունը կբերի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերքի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը եւ այն վիշտն, որ առաջացրեց այդ հանցագործությունը, հազվադեպ մի ազդանշան է երկու պատմական թշնամիների` Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման համար եւ թուրքական ինքնության մասին օրենքը վերանայելու կոչ է, գրում է «Նյու Յորք Թայմսը»: Նշելով, որ ինչպես շատ ուրիշներ Հրանտ Դինքը եւս դատապարտված է եղել 6 ամսվա ազատազրկման Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով` «թուրքական ինքնության վիրավորման» համար` «Նյու Յորք Թայմսը» գրում է, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ, կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցությունից պատգամավոր Առինջը հայտարարել է, որ շարունակելու է միջոցներ ձեռնարկել 301-րդ հոդվածը վերանայելու ուղղությամբ: «Այն կարող է լիովին կամ մասնակիորեն վերանայվել»,-հայտարարել է նա:



Ինչպես գրում է պարբերականը, չնայած, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակ է 1993 թվականից ի վեր, եւ չկան դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի արտգործնախարար Արման Կիրակոսյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ Պարսամյանը ժամանել են Ստամբուլ, մասնակցելու համար Դինքի հուղարկավորությանը: Ակնկալվում է նաեւ, որ թաղմանը ներկա կլինեն նաեւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներ:



Ստամբուլի Քոչ համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Նորման Սթոնը հայտարարել է, թե Հրանտ Դինքին սպանել են հենց այն ժամանակ, երբ Թուրքիան մտադիր էր պատասխանել Հայկական հարցի առումով ճնշմանը: Թուրքահայերի մեծ մասը, գրում է թերթը, բնակվում են Ստամբուլում, սակայն Հրանտ Դինքի սպանության դեմ բողոքի ցույցեր են կայացել նաեւ թուրքական այլ քաղաքներում` Իզմիրում, Սալիուրֆում եւ Հաթայում:



«Երկու երկրներում, որոնց ժողովրդները հոգնել են բազմամյա հակամարտությունից, հասարակական կարծիքը հասել է կիզակետին, որն էլ դարձավ Դինքի մահվան առիթով զանգվածային սգի պատճառ»,-հայտարարել է Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի նախագահ Քաան Սոյակը: Թուրքիայում շատերն են Հրանտ Դինքի մահվան համար մեղավոր համարում 301-րդ հոդվածը եւ գնահատում են այն որպես խոսքի ազատության սահմանափակում, գրում է «Նյու Յորք Թայմսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---