Արդբեջանական կողմից կրակոցների հետեւանքով մահացել է ԼՂՀ ԶՈՒ զինծառայող

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին ժամը 13-ն անց 45 րոպեին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավային ուղղությամբ, Հորադիզ բնակավայրի մոտ, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հերթական անգամ խախտվել է կրակի դադարեցման ռեժիմը: Ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքով մահացու վիրավորվել եւ տեղում մահացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ժամկետային ծառայության զինծառայող եֆրեյտոր Մհեր Մովսիսյանը:



ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վերջին ժամանակներս ադրբեջանական կողմի այդօրինակ գործողությունները նպատակամղված են բացառապես ղարաբաղյան հակամարտության գոտում առանց այն էլ լարված իրավիճակի ապակայունացմանը: Ողբերգական միջադեպը վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ սկզբունքների հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի խոսքն ու իրական գործը հիմնովին տարբերվում են իրարից:



Ըմբռնելով, որ դեպքերի այդպիսի զարգացումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ղարաբաղյան կողմը վճռականորեն կոչ է անում պաշտոնական Բաքվին` պահպանել հավատարմությունը կրակի դադարեցման ռեժիմին եւ սպառնալիքի տակ չդնել տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---