Քերին մեղադրել է ԻՊ-ին քրիստոնյաների, շիաների և եզդիների ցեղասպանության մեջ

Քերին մեղադրել է ԻՊ-ին քրիստոնյաների, շիաների և եզդիների ցեղասպանության մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետության» գործողությունները պետք է դիտարկել որպես քրիստոնյաների, շիա մահմեդականների և եզդիների ցեղասպանություն: Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի անդամները քվեարկությամբ ցեղասպանություն են ճանաչել ԻՊ կողմից կրոնական փոքրամասնությունների սպանությունները Սիրիայում, հայտնում է BBC-ին:

«Կարևոր է այդ հանցագործություններն իրենց անունով կոչել, սակայն ավելի կարևոր է կասեցնել դա»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Քերին ասել է, որ եզրակացություններ պետք է արվեն Պետդեպարտամենտի, հետախուզության և այլ աղբյուրների տրամադրած տվյալների հիման վրա: ԻՊ գրոհայինները պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների համար Սիրիայի և Իրաքի այն շրջաններում, որտեղ նրանք իրենց իշխանությունն են հաստատել:

Քերին հիշեցրել է մասնավորապես Իրաքի և Լիբիայի հյուսիսում քրիստոնյաների սպանության մասին, ինչպես նաև շիա թուրքմենների սպանություններն Իրաքում:

«Փաստն այն է, որ ԻՊ-ն սպանում է քրիստոնյաներին, քրիստոնյա լինելու, եզդիների` եզդի լինելու, շիաներին շիա լինելու համար: Սա է այն ուղերձը, որը նրանք հաղորդում են երեխաներին: Աշխարհի մասին նրանց պատկերացումները հիմնված են իրենց գաղափարախոսությանը դեմ գնացողներին ոչնչացնելու վրա»:

Օրերս ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն սատարել է բանաձևի նախագծին, որով քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցվում են ցեղասպանության: Բանաձևի հեղինակն է Նեբրասկայի ներկայացուցիչ Ջեֆ Ֆորթենբերին: Նշվում է, որ հենց այդ նահանգում է բնակվում Մերձավոր Արևելքից գաղթած եզդիների մեծ մասը:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 կոնգրեսական:

Ընթերցեք նաև. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արևելքում հավասարեցրել է ցեղասպանությանը

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---