Շարմազանով. ՀՀ նպատակն է, որ ԼՂՀ ժողովուրդը կարողանա օգտվել իր միջազգային իրավունքից

Շարմազանով. ՀՀ նպատակն է, որ ԼՂՀ ժողովուրդը կարողանա օգտվել իր միջազգային իրավունքից

PanARMENIAN.Net - Այս պահին հայկական կողմը գնում է հակառակորդին խաղաղություն պարտադրելու և ԼՂՀ միջազգային ճանաչման ուղով: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Tert.am-ը:

«Մեր նպատակը երբեք չի եղել միակողմանի ճանաչում, մեր նպատակն է, որ ԼՂՀ ժողովուրդը կարողանա օգտվել իր միջազգային իրավունքից՝ միջազգային նորմերին համապատասխան, Մինսկի խմբի նորմերին ու սկզբունքներին համապատասխան»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, թե Արցախի ԱԳ նախարարը հստակ ասել է, որ իրենց նպատակն է միջազգային ճանաչման հասնել և ըստ այդմ էլ, ՀՀ-ն՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, անելու է ամեն ինչ, որ Արցախի ժողովուրդն ապրի անվտանգ և ազատ ու անկախ երկրում:

Հարցին, թե ՌԴ-ի՝ որպես ռազմավարական դաշնակցի, արձագանքը ինչքանով է բավարար համարում, Շարմազանովը նշել է, որ խմբակցությունների հետ ընդհանուր հայտարարությամբ էլ ասել են, որ հայկական կողմին չեն բավարարում հավասարեցման նշան դրվող գնահատականները՝ անկախ նրանից, թե ով է տալիս:

«Մեր վեց խմբակցությունների հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ ի վերջո, պետք է դահիճն անվանվի դահիճ, հանցագործն ուղիղ անվանվի հանցագործ: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին բաց հրապարակային ասել է, որ իրենք են սկսել և Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն, թե ով է սկսել, և այդ երկրները գոնե ունեն բազում տեխնիկական հնարավորություններ՝ պարզելու, թե ով է ագրեսիայի և ահաբեկչության հիմնադիրը, ով է լարում իրավիճակը և հավասարության նշան դրվող որևէ հայտարարություն՝ անկախ դա Լոս Անջելեսից է, Սան Ֆրանցիսկոյից, Մոսկվայից, Փարիզից, թե Վիեննայից, չի կարող օժանդակել այս կարգավորմանը: Հավասարության նշան դնելն անթույլատրելի է»,- ասել է նա:

Շարմազանովը նշել է, որ առաջնային ակնկալիքն է, որ ԼՂՀ պաշտպանության բանակը խաղաղություն պարտադրի հակառակորդին, մնացածն արդեն աստիճանաբար կիրականացնեն:

Նա շնորհակալություն է հայտնել նաև բոլոր քաղաքական ուժերին միասնական դիրքորոշում ունենալու համար: «Այսօր այն պահն է, որ մեզ պետք է կոնսոլիդացիա: Այսօր չկա իշխանություն և ընդդիմություն: Մեր պայմանավորվածությամբ որոշել ենք այս քառօրյայում լինել ավելի զուսպ: Ինձ համար այսօր երկրորդական է, ով որ կուսակցությունից է, բոլորս հայ ենք և ԼՂՀ ներկայացուցիչ»,- ասել է նա:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

Ընթերցեք նաև. Լավրով. Ռուսաստանը չի մեղադրում Անկարային Ղարաբաղում իրավիճակը սրելու մեջ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---