ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Հայաստանի համար շատ մեծ բարոյական նշանակություն ունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման փորձեր նախաձեռնվել են դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին, սակայն այն ժամանակ Հայաստանի ՍՍՀ-ն չէր կարող խառնվել այդ գործընթացին` լինելով ԽՍՀՄ կազմում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, այն ժամանակ այդ հարցով զբաղվում էր ԱՄՆ հայկական սփյուռքը: «Տվյալ բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից, բնականաբար, չի նշանակում, որ Թուրքիան անմիջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն հայ ժողովրդի համար դա կունենա բարոյական նշանակություն եւ կծառայի երկրի անվտանգության ապահովմանը: Ճիշտ է, ՀՀ կառավարությունը չի կարող լոբբինգի ենթարկել այդ նախագիծը, սակայն նա ողջունում է ամերիկացի օրենսդիրների նախաձեռնությունը»,- ընդգծել է Կիրակոսյանը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այսօր Թուրքիան բոլոր ուժերն ուղել է, որպեսզի թույլ չտա 106-րդ բանաձեւի քննարկումն ու ընդունումը: «Ճիշտ է, այժմ ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատական մեծամասնություն է, որը, մենք հուսով ենք, կկատարի ԱՄՆ հայկական համայնքին տրված իր խոստումները: Չի կարելի նաեւ հաշվի չառնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից Նենսի Փելոսիի հրաժարվելու կարեւորությունը: Վաշինգթոն է ուղեվորվել թուրք դիվանագետւների խումբ, ովքեր հուսով են որոշակի քայլեր ձեռնարկել` հենվելով ուժեղ հրեական լոբբիի վրա»,- ասել է Կիրակոսյանը:



ՀՀ ԱԳ փոխնախարարը նաեւ ցավ է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանի երկար բացակայության կապակցությամբ: «Իհարկե, դա ազդում է հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք կատարել ենք մեր քայլը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը: Իսկ ինչ վերաբերում է սենատական գործընթացին, ապա դա ԱՄՆ ներքին գործն է եւ մենք չենք պատրաստվում, եւ նույնիսկ խառնվելու իրավունք էլ չունենք»,- հայտարարել է Արման Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---