ԱԺ փոխնախագահ. Անդամ երկրի դիրքորոշումը չի կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը

ԱԺ փոխնախագահ. Անդամ երկրի դիրքորոշումը չի կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Պոզնան քաղաքում ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային քննարկում է ունեցել Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Բելառուս համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ:

Քննարկման օրակարգում են եղել խորհրդարանական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համատեղ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող աշխատանքային հարցեր:

Էդուարդ Շարմազանովը գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական իշխանությունների հանցավոր ոտնձգությունները, դրանց հետևանքները:

Խոսելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն իր մտահոգությունն այսպես է ձևակերպել. «ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները որևէ կերպ չեն կարող հակասել ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը, ինչը, ցավոք, վերջին օրերին նկատվում է մի քանի երկրներում»:

Կողմերը մանրամասն քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին վերաբերող հարցեր, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ էր հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

Բելառուսի արտաքին գերատեսչությունն ապրիլի 2-ի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի «տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքի ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան որոշումների հիման վրա»: Իգոր Նազարուկին ասվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---