57  23.04.16 - «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ համաժողովը

ՀՀ նախագահ. Համոզված էինք, որ ԼՂ հարցը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, բայց իրավիճակն այլ է

ՀՀ նախագահ. Համոզված էինք, որ ԼՂ հարցը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, բայց իրավիճակն այլ է

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նիստերի միջև նախատեսված ընդմիջման ժամանակ շփումներ է ունեցել համաժողովի պատվիրակների հետ, զրուցել տարբեր մասնակիցների հետ, ներկայացրել Հայաստանի տեսակետը առանձին հարցերի վերաբերյալ:

Նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին հարցի շուրջ:

«Երեկ ես ընդունել եմ Երևանում այցով գտնվող արտգործնախարար Լավրովին, ում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակից հետո մեր դիրքորոշումը: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ակտիվ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Տարիներ շարունակ մենք այդ գործընթացի պատասխանատու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից 1994թ. հրադադարի համաձայնագիրը կոպտորեն ոտնահարելը բանակցային գործընթացը մղեց հեռու մի կողմ:

Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր ունենք այլ իրավիճակ: Ոտնահարվել են զինադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, արհամարհվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունները, կատարվել են ռազմական սահմռկեցուցիչ հանցագործություններ. ու մենք հիմա ասում ենք բոլորին՝ մատնացու՛յց արեք ագրեսորին, մատնացու՛յց արեք, որ դասեր քաղվեն ու հնարավոր լինի առաջ շարժվել»,- ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված դժվարությունների թեմայի շուրջ խոսելիս նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո՛, Հայաստանի չորս հարևաններից երկուսը մեր երկրի նկատմամբ վարում են թշնամական քաղաքականություն: Չնայած դրան՝ անկախության հռչակումից ի վեր մենք որդեգրել ենք բազմավեկտոր քաղաքականություն՝ փորձելով հարաբերություններ զարգացնել մեր բոլոր հարևանների հետ: Անգամ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման նախաձեռնողը մենք էինք, նախաձեռնություն, որի արդյունքում աշխարհը տեսավ, թե ինչու է իրականում փակ հայ-թուրքական սահմանը, ով է նախապայման դնողն ու ինչպիսի իրական գործոն է թուրք-ադրբեջանական՝ մեկ ազգ-երկու պետություն բանաձևը: Իսկ ովքեր մինչ օրս լիովին չեն ընկալել այդ բանաձևի քաղաքական էությունը, ուրեմն կարևոր մի բան բաց են թողել իրենց հաշվարկներում: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք. մենք ոչ ոքի չենք ատում և մեր հարաբերությունները որևէ մեկի հետ թշնամանքի ու ատելության վրա չենք կառուցում: Մեր ժողովուրդը կռվել չի սիրում և կռվում է միայն այն ժամանակ, երբ իրեն դա պարտադրում են: Իսկ պարտադրում են այն բանի համար, որ ընդամենն ուզում է սեփական հողի վրա կառուցել սեփական ապագան և ապրել ազատության պայմաններում»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---