ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետսահմանին գրանցվել է հրադադարի խախտման 15 միջադեպ

ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետսահմանին գրանցվել է հրադադարի խախտման 15 միջադեպ

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 15 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ: Բացի մարտական հենակետերից, հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

Ինչպես ավելի վաղ հայտնել է ԼՂՀ ՊՆ-ն, ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ՊԲ պայմանագրային զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---