ԱԳ փոխնախարար. Բաքուն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ օկուպացված շրջանները և ճանաչել երկրի անկախությունը

ԱԳ փոխնախարար. Բաքուն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ օկուպացված շրջանները և ճանաչել երկրի անկախությունը

PanARMENIAN.Net - Մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանն առնվազն պարտավոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանալու են «տարածքների զիջում՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքով, հայտնում է Tert.am-ը:

Փոխարտգործնախարարը նշել է նաև, որ եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք գաղտնազերծված են երեք համանախագահող երկրների հինգ հայտարարություններով, ապա ակնհայտ է, որ խոսքը և՛ տարածքների, և՛ կարգավիճակի մասին է:

«Շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանը առնվազն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով՝ նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդպիսի հարցեր լուծել՝ Ղարաբաղի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որով Ադրբեջանը կկարողանա հասնել իր բաղձալի նպատակին»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, թե որ տարածքների հանձնման մասին է խոսքը` Շավարշ Քոչարյանն ասել է. «Ես կխոսեմ այն տարածքների մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը. դա Մարտունու շրջանն է, Մարտակերտի շրջանի հատվածներն են, դա Շահումյանի շրջանն է, իսկ ինչ ենք մենք հանձնելու, թող մտահոգի ադրբեջանցիներին, ինձ դա չի մտահոգում»:

Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանն Արցախը չի ճանաչել, ռուսական զենք Արցախ չի կարող գնալ` Քոչարյանն ասել է, որ Հայաստանը լավ գիտի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ հնչած տարբեր արտահայտություններին, ՀՀ-ն պարտավոր չէ պատասխանել:

Ինչ վերաբերում է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե՝ ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանն ասել է, որ դրան պատասխանող այլ ատյաններ կան, որոնց առաջ այդ հարցերը բարձրացվում են:

Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ՌԴ դեսպանն Իվան Վոլինկինն արձագանքել էր. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---