Շարմազանով. Պաշտոնական Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը ընդունել են ՀՀ նախագահի առաջարկները

Շարմազանով. Պաշտոնական Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը ընդունել են ՀՀ նախագահի առաջարկները

PanARMENIAN.Net - Վիեննայում Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ պաշտոնական Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Tert.am-ը:

«Ընդհանուր առմամբ էլ կարող ենք ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բանակցությունները վերսկսելու առաջարկներն ընդունվել են, ընդ որում՝ ոչ թե բանավոր, այլ արձանագրում են ստացել մայիսի 16-ի հայտարարության մեջ: Վիեննայում կողմերի միջև ընդունված հայտարարությունն իր մեջ ներառում է այն թեզերը, որոնց մասին ապրիլին խոսել է նախագահը»,- ասել է նա և մանրամասնել, որ առաջինը վերաբերում էր հենց 94թ. կնքված զինադադարի պայմանագրին:

«Նախագահը ապրիլին նշեց, որ 1994-1995 թթ. զինադադարը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա մենք պետք է շարունակենք բանակցությունները: Այսինքն՝ նոր զինադադարի պայմանագրի կնքումը անթույլատրելի է, որովհետև կա 1994-ին կնքված պայմանագիր: Միասնական հայտարարության մեջ հստակ արձանագրվել է, որ 94.-ի զինադադարը գործում է և միակ փաստաթուղթն է»,- ասաց նա:

Շարմազանովը հիշեցրել է, որ 1994 թ. զինադադարի պայմանագրում հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: «Անուղղակիորեն այդ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, և առանց ԼՂՀ-ի որևէ մեկը չի կարող լուծել ԼՂ խնդիրը, և 94թ. զինադադարի տրամաբանությունը պետք է շարունակվի»,- ասել է նա և ընդգծել, որ Ադրբեջանն այստեղ չհաջողեց, որովհետև նրա նպատակն էր չեղյալ հայտարարել 94-ի զինադադարը: Սրանով, ըստ նրա, ընդունվել է նաև ՀՀ-ի նախագահի առաջարկը, որով վերահաստատվեց, որ ԼՂՀ-ն բանակցությունների կողմ է:

Հաջորդ լուրջ ձեռքբերումը, ըստ Շարմազանովի, այն էր, որ տարիներ շարունակ հայկական կողմերը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն ասել են, որ կողմ են շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղադրմանը, որը կնպաստի վստահության ամրապնդմանը: «Միակ կողմը, որը դեմ էր՝ Ադրբեջանն էր իր նախագահով հանդերձ։ Նրանք ի՞նչ էին ասում՝ հողերից դուրս եկեք, և մենք կտեղադրենք. տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանն իր նպատակին չհասավ, և ՀՀ nախագահի առաջարկն այս փուլում ընդունվեց համանախագահող երկրների կողմից»,- ասել է նա:

Մեկ այլ դրական միտում էր, ըստ նրա, այն դիրքորոշումը, որ հարցի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի: «Այսինքն՝ Ադրբեջանի նպատակները զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ պարտադրել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից, չիրականացան»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ երաշխիքներ ունի հայկական կողմը, որ Ադրբեջանը չի գնա իրավիճակի սրման՝ նկատի ունենալով, որ ապրիլի 5-ին ևս ձեռք բերվեց պայմանավորվածություն կրակի դադարեցման, բայց արդյունքը տեսանելի չեղավ՝ Շարմազանովն արձագանքել է, որ իհարկե հաջողությունը, հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ Արցախը կլինի միջազգայնորեն ճանաչված:

«Եռանախագահողներն ընդունել են Սերժ Սարգսյանի առաջարկները, իսկ Ալիևինը՝ ոչ: Իսկ երաշխիքը՝ մեր բանակն է և միջազգային հանրությունը պետք է լինի: Եթե Ալիևը չի ընդունում իր ստորագրությունը, բնականաբար այստեղ միջազգային հանրությունը պետք է սանկցիաների կիրառի Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը:Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---