Շարմազանով. ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնության առիթ չի դառնա

Շարմազանով. ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնության  առիթ չի դառնա

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնությունների առիթ չի դառնա: Այս մասին րագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԵԱՀԿ-ն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը: Այդ մասին հունիսի 15-ին հայտնել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը: Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից և չի պատասխանել հանդիպման օրվա մասին հարցին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման թեման է լինելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին է հայտնել Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է ունենալու Սարգսյանի և Ալիևի հետ:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրն է: Առաջին անգամ չէ, որ համանախագահ երկրներից մեկը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպում: Սա որևէ նախաձեռնության մասին չի խոսում: Նույն հաջողությամբ հանդիպումներ են նախաձեռնել Ֆրանսիան, Ամերիկան: Մեկ անգամ չէ, որ համանախագահող երկրները միասնական դիրքորոշում են հայտնել Ղարաբաղյան հարցի շուրջ: Եվ եթե հիշում եք՝ թե՛ Լավրովը, թե՛ Քերին մշտապես խոսում են իրենց գործընկերների անունից»,- նկատել է Շարմազանովը, գրում է Tert.am-ը:

Նրա կարծիքով, այս հանդիպումները բանակցությունները սկսելու հիմք կարող են դառնալ. «Յուրաքանչյուր բանակցությունը, թեկուզ ոչ արդյունավետ, խոսում է այն մասին, որ հույս կա բանակցությունը վերսկսելու և խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու»:

Ըստ նրա, Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, որովհետև ադրբեջանական կողմը շարունակում է իր քաղաքականությունը և շարունակում է ոչ կառուցողական հայտարարություններ անել:

Ի պատասխան հարցի, թե այս հանդիպումներն ինչ արդյունք կարող են տալ, եթե հաշվի առնվի, որ Արցախը ներառված չէ բանակցային գործընթացում, ԱԺ փոխնախագահն արձագանքել է, թե «կա՛մ պետք է դուռը շրխկացնել ու գնալ, ինչը ճիշտ չէ, քանի որ դեմարշ կլինի, կա՛մ էլ պետք է աստիճանաբար աշխատել ու հասնել նրան, որ Ղարաբաղը դառնա լիարժեք բանակցային կողմ»:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---