Հայկական նամականիշերը 2-րդն են Համաշխարհային ֆիլատելիստական մրցույթում

Հայկական նամականիշերը 2-րդն են Համաշխարհային ֆիլատելիստական մրցույթում

PanARMENIAN.Net - «Հայփոստը» մասնակցել է «Նյու Յորք-2016» Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսին, որտեղ հայկական նամականիշերը գրավել են 2-րդ տեղը: Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային փոստային միության հովանու ներքո կազմակերպվել էր ֆիլատելիստական մրցույթ, որին «Հայփոստի» ներկայացրած 2013, 2014 և 2015-ի հայկական նամականիշերի հավաքածուն գրավել է երկրորդ տեղը:

Հավաքածուն բաղկացած է 29 նամականիշից և գեղաթերթիկից, որոնք նվիրված են հայ մշակույթին, պատմությանը, Հայաստանի բնությանը և այլն:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում «Հայփոստի» ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների մեջ:

Առանձնահատուկ ուշադրության են արժանացել Հռոմի պապին նվիրված նամականիշերի և գեղաթերթիկների էսքիզները, որոնք նախագծվել և մշակվել են «Հայփոստի» մասնագետների կողմից: Ի դեպ դրանք արդեն տպագրված են և հանդիսավոր պայմաններում կմարվեն Հռոմի պապի հայաստանյան այցի օրերին, ասվում է «Հայփոստի» հաղորդագրության մեջ:

«Նյու Յորք-2016» ցուցահանդեսին մասնակցել են տարբեր երկրների 120-ից ավելի ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: «Հայփոստը» առաջին անգամ է մասնակցել նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի դարձրեց Հայաստանը:

Միջոցառման ընթացքում Հայփոստը մարել է 2 գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և ամառային օլիմպիական խաղերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---