Կիթառի 2-րդ միջազգային փառատոնը՝ Երևանում

Կիթառի 2-րդ միջազգային փառատոնը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Երևանի և Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիաները հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացնեն «Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոնը»` ՀՀ մշակույթի նախարարության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «ԵրազԱրտ» հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնային երեք համերգը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հունիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա փառատոնի բացման համերգը, որի ընթացքում կատարումներով հանդես կգան Կոբլենցի միջազգային կիթառի ակադեմիայի և ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիր Հյուբերթ Քեփփելը (Գերմանիա), ինչպես նաև «Երևանյան կիթառի միջազգային փառատոնի» գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը:

Հունիսի 29-ի, ժամը 19:00-ին փառատոնային երկրորդ համերգին ելույթ կունենա Ալեքսանդր Ֆրաուչիի անվան կիթառահարների միջազգային մրցույթ-փառատոնի տնօրեն, կիթառահար Դմիտրի Մուրինը (Ռուսաստան): Հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա փակման համերգը, որի ընթացքում հանդես կգա հայտնի կիթառահար Դավիդ Դյակովը (Բուլղարիա):

«Երևանյան կիթառի 2-րդ միջազգային փառատոնի» շրջանակում կկազմակերպվեն նաև վարպետության դասեր, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:

Կիթառի միջազգային առաջին փառատոնը կայացել է հուլիսի 6-24-ը` Երևանում: Փառատոնի հյուրերն էին՝ հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի Մշակույթի Պետական Համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի Պետական Համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---