ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով

ԱԳ փոխնախարար. ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրված Մադրիդյան փաստաթուղթը ենթադրում է ղարաբաղյան հիմնախնդրի՝ փոխադարձ զիջումների վրա հիմնված փաթեթային լուծում: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, պատասխանելով Panorama.am-ի հարցին:

«Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության: Ընդհանուր առմամբ, Մադրիդյան փաստաթղթի, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարի ընդունումը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ»,-ասել է փոխնախարարը:

Նա հավելել է, որ նոր հանրաքվեի գաղափարը միջնորդների կողմից հիմնավորվում էր նրանով, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը ժամանակ տրամադրվի իր բնակչությանն այդ հանրաքվեի անցկացման անխուսափելիությանը, ինչպես նաև երկարատև խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը Մադրիդյան փաստաթղթի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործեց բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու, հայերի դեմ ատելություն սերմանելու, իր բնակչությունը պատերազմի նախապատրաստելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով լարվածություն պահպանելու և սադրիչ գործողություններ իրականացնելու համար:

Ագ փոխնախարարը նշել է, որ նմանօրինակ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը հանդիսանում է 1994-95թթ. զինադադարի ռեժիմի հաստատման և զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, անժամկետ համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում: Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ագրեսիան իրականացվում էր միջազգային մարդասիրական իրավունքի՝ ԻՊ-ի դաժանությանը չզիջող կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ դպրոցները հրետակոծելը, որի արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին երեխաներ, տարեց անձանց կտտանքների ենթարկելը, խեղելը և սպանելը, ինչպես նաև զինվորներին գլխատելը: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար պարգևատրեց հայ ռազմագերուն գլխատած բարբարոսին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հերոսացրել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ զինծառայողի կացնահարած մեկ այլ բարբարոսի:

Քոչարյանն ասել է, որ միջազգային հանրությունը փորձ է արել Ադրբեջանի ղեկավարությանը տալ քաղաքակիրթ կառուցողական հուն վերադառնալու հնարավորություն: Դրա համար Բաքուն պետք է համաձայնեցնի և կյանքի կոչի մայիսի 16-ին Վիեննայում ձեռք բերված և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում վերահաստատված համաձայնությունները և նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը: Սակայն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն կորցնում է միջնորդների կողմից իրեն ընձեռնված նաև այդ հնարավորությունը:

«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ:

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, և հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում»,-ասել է Շավարշ Քոչարյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը փուլային կարգավորումն է: Ադրբեջանը փորձ է անում յուրովի մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն իր հերթին ասել էր, թե եռակողմ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ է համաձայնություն ձեռք բերվել: «Նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:

«Վերջին 3-4 ամսում չտեսնված ակտիվություն է նկատվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության միակ հնարավոր լուծումը փուլային կարգավորումն է»,-ասել է Ալիևը հուլիսի 11-ին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---