Թուրքիան եւ Ռուսաստանը ակտիվ պայքար են մղում Հարավային Կովկասի համար

PanARMENIAN.Net - «Թուրքիան եւ Ռուսաստանը ակտիվ պայքար են մղում Հարավային Կովկասի համար եւ պետք է խոստովանել, որ Թուրքիան այժմ որոշ չափով առաջ է անցնում ՌԴ-ից»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Վրաստանն ու Ադրբեջանը դեպի Արեւմուտք են շարժվում, ինչը նշանակում է ռուսական դիվանագիտության տապալում տարածաշրջանում: «Սակայն հարկ է նշել, որ առավել գլոբալ դիմակայություն է առկա` սունիների եւ շիաների միջեւ: Սունիները ԱՄՆ-ի աջակցությամբ փորձում են ստեղծել Սունի պետությունների միություն: Վերջերս Պակիստանում տեղի ունեցավ Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Սակայն դրան անմիջապես հետեւեց Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հանդիպումը` գործընթացը կասեցնելու համար: Տարածաշրջանային քաղաքականության մեջ Իրանն ավելի ծանրակշիռ դիրքեր ունի, քան Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը բխում է Հայաստանի ազգային շահերից»,-ընդգծել է Սաֆրաստյանը` հավելելով, որ ԱՄՆ-ն չափազանց շատ է քաղաքականացնում դիմակայության հարցը սունիների եւ շիաների միջեւ:



Նա նաեւ նշել է, որ եւս մեկ դաշինք է ստեղծվում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, որն ուղղված է Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ: «Սակայն Ռուսաստանը միշտ ներկա կլինի Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում եւ կսատարի Իրանին»,-ասել է դոկտոր Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---