Թուրքիան այդպես էլ չհասկացավ, որ մերժելով Ցեղասպանությունը` դրան ավելի մեծ ուշադրություն է հրավիրում

PanARMENIAN.Net - «Ավելի քան 90 տարի առաջ, երբ Թուրքիան հանդիսանում էր Օսմանյան կայսրության մի մասը, թուրք ազգայնամոլներն իրականացրեցին մեկուկես միլիոն հայերի սպանություն: Դա եղել է XX դարի առաջին ցեղասպանությունը: Աշխարհը տեղյակ էր, սակայն ոչինչ չարեց, եւ այդ անգործությունը Հիտլերի, 1994 թվականին Ռուանդայում խուտուների առաջնորդների եւ Սուդանի ներկա նախագահ Օմար Հասան ալ-Բաշիրի գործողությունների համար հավանություն դարձավ»,- ասվում է The New York Times-ի խմբագրական հոդվածում:



Հոդվածում նշվում է, որ Թուրքիան երկար ժամանակ փորձում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Նույնիսկ ժամանակակից թուրքական պետությունում, որը կապ չունի զանգվածային սպանություններ իրագործած վարչակարգի հետ, «ցեղասպանություն» բառի օգտագործումը լուրջ հանցագործություն է հանդիսանում: «Եւ առավել եւս ամոթ է, որ ՄԱԿ-ի պաշտոնական անձինք հետաձգել են ցուցահանդեսը` նվիրված Ռուանդայի ցեղասպանության 13-րդ տարելիցին, որովհետեւ այնտեղ նշվում էր Հայոց ցեղասպանության մասին: Անկարային զայրացրել է այն նախադասությունը, որով բացվում էր ցուցահանդեսը. «Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ Թուրքիայում սպանվել է մեկ միլիոն հայ, լեհ փաստաբան եւ իրավապաշտպան Ռաֆայել Լեմկինը կոչ է արել Ազգերի լիգային այդ բարբարոսական գործողությունը միջազգային հանցագործություն ճանաչել»: Կազմակերպիչները համաձայնվել են հանել նախադասությունից Թուրքիա բառը: Սակայն դա էլ բավական չեղավ ՄԱԿ-ի վախկոտ ղեկավարության համար եւ ցուցահանդեսը հետաձգվել է անորոշ ժամանակով»,- գրում է The New York Times-ը:



Վերջում հոդվածի հեղինակն ընդգծում է. «Տարօրինակ է, որ թուրքական կառավարությունը մինչեւ հիմա չի հասկացել, որ ամեն անգամ, երբ նա փորձում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության քննարկմանը, դա միայն ավելի շատ ուշադրություն է հրավիրում այդ հարցին եւ այսօրվա ժողովրդավարական Թուրքիային կապում է անցյալում իշխած վարչակարգի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու իր նոր խումբը ցուցադրեցին, որ շատ բան պետք է սովորեն, եթե ցանկանում են պատվով ծառայել Կազմակերպությանը, որը պետք է միջազգային իրավունքի երաշխավոր լինի եւ առաջինը հանդես գա ցեղասպանության դեմ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---