Սերբիայում բողոքի ցույց է տեղի ունեցել Կոսովոյի անկախացման դեմ

PanARMENIAN.Net - Սերբիայի ոստիկանությունը 27 հոգու է ձերբակալել հանրահավաքում, որտեղ կոչեր էին հնչում Կոսովոյի հնարավոր անկախացման դեմ զենքը ձեռքին պայքարելու մասին: Կրուշեվաց քաղաքում, որը գտնվում է Բելգրադից 150 կմ հեռավորության վրա, եկեղեցու մոտ տեղի ունեցած հանրահավաքին հավաքվել է շուրջ 200 մարդ, որոնց թվում էին 1990-ականներին Բալկանների տարբեր ռազմական հակամարտությունների բազմաթիվ վետերաններ: Նրանք կոչ են արել կամավորական ջոկատ ստեղծել: Ջոկատը կոչվում է «Իշխան Լազարի գվարդիա» ի պատիվ սերբերի ղեկավարի, որը տանուլ տվեց պատմական մարտը սերբերի եւ օսմանների միջեւ 1389 թվականին Կոսովոյի դաշտում: Մարտի դաշտը սերբերի համար կարեւոր փաստարկ է Սերբիայի կազմում Կոսովոն պահելու համար, որտեղ այժմ բնակչության մեծամասնություն են կազմում էթնիկ ալբանացիները:



Ձերբակալվածները վերնաշապիկներ էին կրում այժմ արձակված «Կարմիր բերետներ» սերբական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի խորհրդանիշներով: Ջոկատն արձակվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ նրա երկու անդամներ մեղսակից են 2003 թվականին սերբ բարեփոխիչ վարչապետ Զորան Ջինջիչի սպանությանը: Հավաքվածներից ոմանք պահել էին Բոսնիայի սերբերի նախկին առաջատար Ռադկո Մլադիչի դիմանկարը, որին որոնում է Հաագայի միջազգային տրիբունալը նախկին Հարավսլավիայի գործով` ռազմական հանցագործությունների մեղադրանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---