«Խոստումի» ռեժիսոր. Թուրքերը փորձում են կասեցնել ԶԼՄ-ների անդրադարձը Ցեղասպանությանը և ֆիլմին

«Խոստումի» ռեժիսոր. Թուրքերը փորձում են կասեցնել ԶԼՄ-ների անդրադարձը Ցեղասպանությանը և ֆիլմին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը բավականին զգայուն թեմա է ժամանակակից Թուրքիայի քաղաքական կյանքում, որը «հրի մեջ է» անհաջող պետական հեղաշրջումից հետո: Այդ մասին գրում է ամերիկյան The Hollywood Reporter կայքը:

Հոդվածում ասվում է, որ 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով մոտ 2 մլն հայ է դաժանաբար սպանվել և բռնի տեղահանվել օսմանյան իշխանությունների կողմից: Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են Ցեղասպանության փաստը:

Պարբերականը գրում է օսկարակիր Թերի Ջորջի «Խոստում» («The Promise») ֆիլմի մասին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային:

Ռեժիսորը պատմել է, թե ինչպես է աջակցություն ստացել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու համար: «Թուրքիայի իշխանություններն ամեն կերպ փորձել են ճնշել խոսակցությունները Հայոց ցեղասպանության մասին, մենք լավ գիտեինք դա, սակայն որոշեցինք կանգ չառնել: Սկզբից մենք փորձեցինք շատ ուշադրություն չգրավել, որպեսզի դրսից ճնշումներ չլինեն: Ուստի նկարահանում էինք Իսպանիայում, Պորտուգալիայում և Մալթայում: Մենք գիատկցել ենք, որ ֆիլմն ամենաքննարկվողներից մեկը կդառնա և ասացինք ինքներս մեզ. «եկեք ուղղակի նկարահանենք այս ֆիլմն ու մի կողմ կանգնենք»: Հետք մենք մասնակցեցինք տարբեր խորհրդաժողովների ու քաղաքական հանդիպումների մեր ֆիլմի վերաբերյալ: Ես պատմել եմ ֆիլմի մասին նաև թուրքական ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներին, նրանց դա դուր եկավ, սակայն ոչ այն աստիճանի, որ հավանություն տային այդ գաղափարին»,-ասել է ռեժիսորը:

Թերի Ջորջը նշել է, որ բացի Ցեղասպանության մասին ֆիլմ լինելուց, դա նաև ֆիլմ է սիրո մասին: Խոսքը սիրային եռանկյունու, նույնիսկ քառանկյունի մասին է:

«Նույնիսկ հիմա Թուրքիայի իշխանությունները փորձում են կասեցնել լրագրողների խոսակցությունները Ցեղասպանության և իմ ֆիլմի մասին: Հիշում եմ New York Times-ի հոդվածը պարանոյայով տառապող Թուրքիայի կառավարության ու բնակչության մասին»,-ասել է ռեժիսորը:

Ռեժիսորը նշել է նաև, որ շատ բանավեճեր են ընթանում Հայոց ցեղասպանության շուրջ, սակայն շեշտել է, որ Ցեղասպանություն է եղել և դա քննարկման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է հայ համայնքի արձագանքին ֆիլմին` ռեժիսորը նշել է, որ չի կասկածում, որ այն լավ կընդունվի: Նա նաև վստահ է, որ Թուրքիայում այդ ֆիլմը չի ցուցադրվի:

Խոսելով դերասանական կազմի մասին` ռեժիսորն ասել է, որ շատ հաճելի և հեշտ էր աշխատել այնպիսի հայտնի ու տաղանդավոր դերասանների հետ, ինչպիսիք են Բեյլն ու Այզեքը: Նա նշել է, որ ֆիլմում նկարահանվել է միայն երկու թուրք դերասան, քանի որ շատերը վախեցել են թուրք հանրության արձագանքից, հայտնում է Panorama.am-ը:

Ռեժիսորը հավելել է, որ ֆիլմի ստեղծմանն աջակցել է Քըրք Քըրքորյանի հիմնադրամը, ինչպես նաև հայ-ամերիկյան արտադրական ընկերությունը:

Ֆիլմը նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» հոյակապ սիրային պատմություն է, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---