Երևանյան ճարտարապետական բիենալեին մասնակցում են նաև սփյուռքահայ ճարտարապետներ

Երևանյան ճարտարապետական բիենալեին մասնակցում են նաև սփյուռքահայ ճարտարապետներ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի «Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում» բացվել է «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016» համահայկական ճարտարապետական բիենալեն:

Բիենալեն կազմակերպվում է երկու տարին մեկ` հանդիսանալով հարթակ ոչ միայն Հայաստանի, այլև՝ արտերկրի հայ ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար:

Համահայկական մրցույթ-ցուցահանդեսի բացմանը թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը նշել է, որ նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս ներկայացնելու մեր ճարտարապետության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները:

Մրցույթ-ցուցահանդեսին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ՝ բավական հարուստ աշխարհագրությամբ՝ Հայաստան, Արցախ, ՌԴ, Թուրքիա, Իտալիա, Քաթար, Լիբանան:

Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներր միջազգային հանձնախմբի կողմից գնահատվելու են ըստ հետևյալ անվանակարգերի` լավագույն հասարակական/արտադրական շենք (բազմաֆունկցիոնալ համալիր), լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն), պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լավագույն ինտերիեր, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն, ֆիլմ, ճարտարապետական փոքր ձևեր, երիտասարդ մասնակից։

Աշխատանքները ցուցադրվելու են մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---