ՀՀ-ն և ՌԴ-ն ՀՕՊ և ՌԷՊ միջոցների արդիականացման համատեղ ձեռնարկություններ կստեղծեն

ՀՀ-ն և ՌԴ-ն ՀՕՊ և ՌԷՊ միջոցների արդիականացման համատեղ ձեռնարկություններ կստեղծեն

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսին:

Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակն ու հաստատել այդ ուղղությամբ հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը` ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ, Երևանում ArmHiTec-2016 ցուցահանդեսում կներկայացվեն ռուսական ռազմական տեխնիկայի լավագույն նմուշները: Այդ մասին հայտնել է ArmHiTec-2016-ում «Ռոստեխ» պետական կորպորացիայի և «ՌոսօբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության միացյալ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը, հայտնում է Aysor.am-ը:

«Լավ ավանդույթ է դառնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի մասնակցությունը զենքի ու ռազմական տեխնիկայի դեբյուտային ցուցահանդեսներին:

Մեզ համար սա հիանալի առիթ է՝ ցուցադրելու ժամանակակից ռուսական զենքի լավագույն նմուշները, ընդլայնել արտասահմանյան մերգործընկերների շրջանակը, շարունակել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը Հայաստանի և այլ երկրների հետ», - ասել է Գոնչարովը:

Ցուցահանդեսում Ռուսաստանը կներկայացնի 16 ձեռնարկություն, որոնք պոտենցիալ պատվիրատուներին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք:

Բացի այդ, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները ArmHiTec-2016-ում կցուցադրեն նորագույն անօդաչու թռչող սարքեր ու համալիրներ, կապի միջոցներ, զորքերի կառավարման ավտոմատացված համակարգեր, հսկման և անհատական պաշտպանության միջոցներ, լազերային, տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ, տեղեկատվության պաշտպանության համակարգեր, հանդերձանք, բժշկական ապահովման միջոցներ:

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 15-ը:

ArmHiTec-2016 ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ամբողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:

Բացի ծավալուն ցուցադրական մասից, ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---