«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ փառատոնին 165 ֆիլմ կցուցադրվի՝ 48 երկրից

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ  փառատոնին 165 ֆիլմ կցուցադրվի՝ 48 երկրից

PanARMENIAN.Net - «Ռոլան Բիկով» հիմնադրամը նոյեմբերի 5-9-ը Երևանում, ՀՀ մարզերում ու Արցախում կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը: Անցկացվելու էՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս տարի փառատոնը ստացել է 865 հայտ, փառատոնի ծրագրում ընդգրկվել է 165 ֆիլմ՝ 48 երկրից:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի ընթացում ժյուրիի կազմի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, այսպիսով` ժյուրիի կազմում աշխատելու են բացառապես երեխաներ և երիտասարդներ. «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` 7 զորամասի զինվորներ:

«Ռոլան» փառատոնը կրկին երիտասարդների միջև հանդես կգա որպես մշակութային երկխոսության միջազգային հարթակ: ՀՀ համայնքներում ապրող երեխաների և երիտասարդների մասնակցությունը խթանելու նպատակով էլ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ապարանում, Ալավերդիում, Գավառում, Ճամբարակում, Թեղուտում, Շնողում, Դաստակերտում, ինչպես նաև Արցախում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ արտերկրից ժամանած հյուրերի հետ:

2016-ին ևս փառատոնը կհյուրընկալի ճանաչված և սիրված կինոգործիչների, այդ թվում` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Կաննի «Ոսկե արմավենի» մրցանակակիր և ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարրի Բարդինին:

Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի՝ «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, ինչպես նաև` ստեղծագործական երեկոն` նվիրված ռեժիսոր-մուլտիպլիկատորի ծննդյան 75-ամյակին:

Ավանդույթը չխախտելով կյուրընկալվի նաև փառատոնի բարեկամը` ՌԴ «Ոսկե օստապ» մրցանակի երկակի դափնեկիր, «Ոսկե խոյ» մրցանակակիր, «Երալաշ» մանկական հումորային հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին: Փառատոնի ընթացքում առաջին անգամ կցուցադրվեն ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոամսագրի նոր համարներ:

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը հիմնադրվել է 2001-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---