Գրիգոր Խանջյանի չցուցադրված էսքիզները կներկայացվեն Գաֆէսճեանում

Գրիգոր Խանջյանի չցուցադրված էսքիզները կներկայացվեն Գաֆէսճեանում

PanARMENIAN.Net - Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում:

Ցուցադրությունը գործելու է 2016-ի նոյեմբերի 10-ից մինչև 2017-ի փետրվարի 19-ը: Հանրային բացումը կլինի նոյեմբերի 11-ին: Մուտքն անվճար է:

Ցուցադրությունը նվիրված է հայ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանին: Գրիգոր Խանջյանի (1926-2000) անունը սերտորեն կապված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ, որտեղ գտնվում է վարպետի հայտնի մոնումենտալ որմնանկարը: Ցուցադրությունում ընդգրկված են Խանջյանի չցուցադրված էսքիզները ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, որոնք ներկայացնում են նրա ստեղծագործության երեք կարևոր ոլորտը՝ գրքի ձևավորում և նկարազարդում, ինտերիերների (հիմնականում՝ եկեղեցական) դիզայն, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվող մոնումենտալ եռամաս որմնանկարը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է ներկայացնելու Խանջյանի գեղարվեստական ժառանգության կարևոր շերտերը, որոնց մի մասը հայտնի չէ հանրության լայն շրջանակներին: Հիմնականում գրաֆիկական էսքիզներից բաղկացած «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը բացահայտում է արվեստագետի հանրահայտ կոթողային գործերի ստեղծման պատմությունը:

«Այս ցուցադրությունը նոր առիթ է հանդիսանում անդրադառնալու մեծ արվեստագետ և հայրենասեր Գրիգոր Խանջյանի դերին և ներդրմանը հայրենիքի մշակութային կյանքում: Ինչպես ոչ վաղ անցյալում, այսօր ևս իր արվեստով Գրիգոր Խանջյանը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը ներկա և գալիք հայ սերունդների համար»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Խանջյանը դարձել է ազգային պատումի, ազգային-ազգագրական նոր պատկերագրության և էթնո-մոդեռն ուղղության կերտողներից մեկն ու առաջատարը Խորհրդային Հայաստանի կերպարվեստում:

Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926-ին Երևանում։ 1945-ին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953-ին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանը 1961թ. արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։

1963թ. ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչը 1973թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975թ. Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982թ.-ին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983թ. արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։ Արվեստագետը մահացել է Երևանում 2000-ին:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---