ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Լոռու մարզում 20 ընտանիք բնակարան է ստացել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Լոռու մարզում 20 ընտանիք բնակարան է ստացել

PanARMENIAN.Net - Բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հյուրընկալվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող Սուքիասյաններին:

Սուքիասյանների ընտանիքը 2016 թվականին Լոռու մարզում աջակցություն ստացած երեք ընտանիքներից մեկն է, որը 1988-ի երկրաշարժից հետո մնացել է անօթևան և 28 տարի բնակվել ժամանակավոր կացարանում՝ «դոմիկում»: 2000թ-ին ընտանիքը գնել է կիսակառույց առանձնատուն, սակայն այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել շինարարությունը և տեղափոխվել քարաշեն բնակարան:

Բնակարանաշինության ծրագրով այս տարվա գարնանը Սուքիասյաններն սկսել են տան շինարարությունը: Այժմ արդեն, նրանք համագործակցող կողմերի հետ բնակարանամուտ են տոնում:

«Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարիների ընթացքում մեր տուն կառուցելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է։ Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան հորս և մեզ հետ էր պահում, ինչ-որ բան թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում… չգիտեմ։ Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամենակարևորն է մեզ համար, և այն, որ մենք մեր սեփական տունը կառուցեցինք հարազատ հողի վրա՝ փաստ է: Շնորհակալություն»,- ասել է տասնվեցամյա Լիլիթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կոմից իրականացվող ծրագրի շրջանակներում, միայն Լոռու մարզում, 20 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիր:

«Հինգ տարի առաջ, երբ Վանաձորում էինք՝ երկրաշարժից տուժած 20 ընտանիքի բնակարան նվիրելու համար, ակնկալում էինք վագոն-տնակում մեծացող սերնդի տխուր, հուսահատված հայացքն աստիճանաբար փոխարինված տեսնել լուսավոր ժպիտով: Կոտրված հոգեբանությամբ մեծացող երեխան երկիր զարգացնելու բավականաչափ ներուժ չի կարող ունենալ: Հստակ պատկերացնելով իրավիճակը՝ ձգտեցինք իրականացնել մեկ այլ ծրագիր և օգտակար լինել նոր ընտանիքների: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում, մեզ հաջողվեց այս մարզում կրկնապատկել երջանիկ ընտանիքների թիվը: Ուզում եմ հավատալ, որ մետաղական վագոն-տնակում անցկացրած կյանքի դժվար պայմաններն այլևս ստվերի նման չեն հետևի հարազատ հողի վրա ամրանալ ձգտող ընտանիքներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այս ընտանիքի պատմությունն այս տարածաշրջանում բնակվող հարյուրավոր ընտանիքների պատմության նման է. վագոն-տնակում մեծացած սերունդներն ամուսնանում են ու տեղափոխվում մի ուրիշ վագոն տնակ: Ցավոք, այս արատավոր շրջանի ծայրը դեռ չի երևում: Սակայն այս պարագայում, յուրաքանչյուր ընտանիքի բնակարանամուտ, ևս մեկ քայլ է, որ մոտեցնում է հաղթական ավարտին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, ևս 21-ը՝ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---