Հայտարարությունները` նման Թերի Դեւիսի ասածներին, խոչընդոտում են հայ եւ ադրբեջանական ժողովուրդների երկխոսությանը

PanARMENIAN.Net - «Թերի Դեվիսի զբաղեցրած բարձր պաշտոնը, կարծում եմ, պետք է նրան պարտավորեցնի զերծ մնալ կանխակալության դրսեւորումներից, սակայն հերթական անգամ մենք ականատեսն ենք դառնում հակառակ երեւույթին եւ ափսոսանք ենք հայտնում այդ առթիվ»,- հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովոի նախագահ Աշոտ Ղուլյանը` մեկնաբանելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունն առ այն, որ համաշխարհային հանրությունը չի ճանաչի ԼՂՀ առաջիկա ընտրությունները: Աշոտ Ղուլյանի կարծիքով, Թերի Դեվիսի կարծիքը հատուկ է Եվրոպայի պահպանողական շրջանակներին, որոնք չեն ընդունում համաշխարհային քաղաքականության զարգացման ակնհայտ դրական միտումները: Նման հայտարարությունները կրում են բացառապես ապակառուցողական բնույթ, քանի որ ազդում են հասարակական կարծիքի ձեւավորման վրա` խոչընդոտելով հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ երկխոսության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը:



«1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային իրավունքին եւ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան համաժողովրդական հանրաքվեով ամրագրելով իր անկախությունը, ԼՂՀ ժողովուրդը ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու ուղեգիծ ընտրեց: Հիշեցնենք, որ ընտրությունները ժողովրդի կամքի արտահայտության ուղղակի ձեւ են եւ ժողովրդավարության կարեւորագույն դրսեւորում: Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը բխում է ԼՂՀ ժողովրդի ու համաշխարհային քաղաքակիրթ հանրության շահերից, եւ այդ զարգացման մակարդակը, բարեբախտաբար, չի որոշվում Թերի Դեվիսի սուբյեկտիվ կարծիքով: Այդ մասին են վկայում ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները, որոնք կարող են օրինակ ծառայել մի շարք երկրների համար, որոնցում իշխանության փոփոխությունը կատարվում է ընդունված միջազգային չափանիշներին հակառակ: Միջազգային կազմակերպությունների եւ քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, դատելով իրենց իսկ կարծիքներից, շահագրգիռ վերաբերմունք չունեն տարածաշրջանի դրական գործընթացների նկատմամբ: Հակված չենք մտածել, որ նրանք գերադասում են կամայականությունն ու անօրինականությունը»,- նշել է Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը:



Նրա խոսքերով, նման արտահայտությունները ոչ մի կերպ չեն կարող արգելակել ԼՂՀ-ում իրականացվող ժողովրդավարական գործընթացները: «Մեր ժողովուրդը հերթական անգամ ապացուցել է այդ` 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունելով ԼՂՀ Սահմանադրությունը, որում հստակորեն ամրագրվել են ժողովրդավարական զարգացման սկզբունքները, որոնցով մեր հասարակությունը առաջնորդվում էր նաեւ մինչեւ հիմնական օրենքի ընդունումը եւ կառաջնորդվի այսուհետ եւս: ԼՂՀ ընտրությունների նկատմամբ թերահավատ վերբերմունք ունեցողներին եւ դրանց օրինականությունը չճանաչողներին կարող ենք առաջարկել հաստատված օրենսդրական կարգով, որպես դիտորդներ, մասնակցել ընտրություններին եւ կարծիք կազմել դրանց արդյունքներով: Կարծում եմ, նախքան ենթադրական գնահատականներ տալը արժե թեկուզեւ մեկ անգամ մասնակցել նման ընտրություններին»,- հայտարարել է Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---