Մեքսիկայի նախկին նախագահը՝ «Ավրորայի» ընտրող հանձնաժողովում

Մեքսիկայի նախկին նախագահը՝ «Ավրորայի» ընտրող հանձնաժողովում

PanARMENIAN.Net - «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը հաստատել է Էռնեստո Սեդիլյոյի նշանակումը՝ որպես 2017թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Մեքսիկայի նախկին նախագահը Նյու Յորքում միացել է Ընտրող հանձնաժողովի անդամներին՝ խորհրդակցելու մրցանակի 2017թ. հավակնորդների ընտրության շուրջ, գրում է Auroraprize.com-ը:

Լինելով Մեքսիկայի նախագահ՝ Սեդիլյոն երկրում իրականացրել է կարևոր ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումներ ու մասնակցել է համաշխարհային հանրությանն սպառնացող մի շարք լուրջ մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններին: Սեդիլյոն Ֆրանկլին Դ. Ռուզվելտի անվան «Խիզախության մրցանակի» դափնեկիր է (Franklin D. Roosevelt Freedom from Fear Award): 2005-2011թթ. նա գլխավորել է «Գլոբալ զարգացման ցանցը»: Ներկայում նա Յեյլի համալսարանի «Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենն է, որի ուշադրության կենտրոնում միջազգային զարգացման ծրագրեր են:

«Ուրախ եմ ողջունելու նախագահ Սեդիլյոյին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում: Նա իր մեծ փորձառությամբ անգնահատելի ներդրում կունենա այս ակնառու ժյուրիի կազմում», - ասել է Նյու Յորքի Կարնեգի կորպրացիայի նախագահ, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը: «Նախագահ Սեդիլյոյի հեղինակությունը` որպես սոցիալական և քաղաքական բարեփոխումների առաջադեմ պաշտպան, ինչպես նաև մարդասիրության ոլորտում ճանաչված առաջնորդի համբավը հսկայական ազդեցություն կունենան «Ավրորա» մրցանակի հաջորդ դափնեկրի ընտրության գործում»:

«Ես հպարտ եմ՝ միանալու այս հարգարժան Ընտրող հանձնաժողովին, որի կազմում աշխարհում կարիքավորների խնդիրների համար պայքարող այսպիսի ականավոր պաշտպաններ կան, - ասել է Էռնեստո Սեդիլյոն,- անհամբերությամբ սպասում եմ՝ մեծարելու նրանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը, փրկում են այլոց և մարմնավորում են այն լավագույնը, որն այսօր մեզ դարձնում է գլոբալ մարդկային համայնք»:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինը հումանիտար գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց բացառիկ նվաճումներն անգնահատելի նպաստ են բերում մարդասիրական ջանքերին, որոնք արժանի են համաշխարհային ճանաչման:

Սեդիլյոն միանում է «Ավրորա» մրցանակի գործող Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքերի ոլորտում ակտիվիստ Հինա Ջիլանին, Միժազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ և Ավստրալիայի նախկին վարչապետ Գարեթ Էվանսը, «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին:

Էռնեստո Սեդիլյոն Նյու Յորքում պաշտոնապես ծանոթացել է Ընտրող հանձնաժողովի մյուս անդամներին և մասնակցել քննարկմանը, որտեղ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրել է եռամսյա առաջադրումների փուլում ներկայացված և նախընտրական փուլն անցած բոլոր թեկնածությունները: Ընտրող հանձնաժողովին նաև ներկայացվել է 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության և դրան նախորդող միջոցառումների մանրամասները:

2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին: Բոլոր հավակնորդները կհրավիրվեն և մեծարման կարժանանան 2017թ. մայիսի 28-ին Երևանում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ:

Կարդացեք նաև՝Չուլպան Խամատովան՝ «Ավրորա» մրցանակի անկախ փորձագետների հանձնախմբի անդամ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---