Օսկանյանը չի բացառել հնարավոր դաշինքը Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Օսկանյանը չի բացառել հնարավոր դաշինքը Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

PanARMENIAN.Net - «Համախմբում» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քաղաքական քննարկումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին հնարավոր գործակցության շուրջ։

Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ քննարկումների մեջ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրություններում հնարավոր դաշինք ձևավորելու շուրջ։

«Բանակցություններ վարում ենք քաղաքական տարբեր ուժերի հետ, խոսում ենք, որ ինչ-որ դաշինք լինի մեզ մոտ էլ, բայց վաղ է դրա մասին խոսելը։ Եթե հանկարծ չի լինում, չի լինում․ «Համախմբում» կուսակցությունը գնալու է ընտրությունների առանձին, ցուցակը գլխավորելու եմ ես, բայց եթե դաշինք լինի, այդ պարագայում մեր դիրքորոշումը կլինի ավելի ճկուն»,- ասել է Օսկանյանը։

«Սեյրան Օհանյանի նկատմամբ, իհարկե, մեծ հարգանք ունեմ։ Մենք միասին աշխատել ենք, շատ դրական եմ վերաբերվում։ Եթե ինքը որոշի մտնել քաղաքականություն և մասնակցի խորհրդարանական հաջորդ ընտրություններին, ինչու չէ, նրա հետ ես գործակցությունը տեսնում եմ»,- ասել է Օսկանյանը՝ նաև նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նույնպես հանդիպել է, և քննարկումների մեջ է։

«Եվ կարծում եմ, որ այդ եռյակը, որ դուք թվարկեցիք, եթե իրոք այդպիսի դաշինք ստեղծվի, դա բավական լավ դաշինք կլինի։ Բայց կրկնում եմ՝ դեռևս որևէ այդպիսի հիմնավորում չկա։ Ժամանակը ցույց կտա՝ նման զարգացումներ կլինեն, թե ոչ»։

Օսկանյանը նշել է, որ Սեյրան Օհանյանից և Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, հանդիպել է նաև քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների հետ։

«Պետք չէ անպայման մեր դաշինքը դիտարկել այդ եռյակի մեջ՝ կարող է լինի ավելի լայն դաշինք, ավելի փոքր դաշինք, և հնարավոր է նաև, որ «Համախմբում» կուսակցությունը ընտրություններին մասնակցի առանձին»։

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր գործակցությանը, Օսկանյանն ասել է, որ երկար ժամանակ հանդիպում չի ունեցել առաջին նախագահի հետ։ Նա անդրադարձել է նաև իր վերջին հայտարարություններից մեկին, երբ նախկին արտգործնախարարը չէր բացառել նաև Գագիկ Ծառուկյանի հետ գործակցությունը։

«Ծառուկյանի հետ չեմ հանդիպել։ Իմ այդ հայտարարությունը մի քիչ կոնտեքստից հանված է։ Ես այդ հարցին միշտ հետևյալ կերպ եմ պատասխանում՝ «Համախմբում» կուսակցությունը իշխանություններից բացի՝ քաղաքական որևէ այլ ուժի հետ չի բացառում գործակցությունը։ Սա ընդհանուր մոտեցում է։ Եվ դա իրոք այդպես է՝ անկախ նրանից, թե ընդդիմադիր այդ ուժը ինչ վերաբերմունք է ունեցել «Համախմբում» կուսացկության նկատմամբ, անձամբ իմ նկատմամբ։ Դա նշանակություն չունի։ Այդ տարակարծությունները, նույնիսկ հակակրանքը կարելի է հարթել, եթե մենք մեր առաջ կարողանում ենք դնել մեծ խնդիրը՝ հասնել իշխանափոխության»։

Դիտարկմանը, որ ընտրություններում կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կփոշիացնեն ընդդիմադիր ընտրազանգվածը, և հենց ընդդիմադիր դաշտից հաճախ հնչում են տեսակետներ, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է Սերժ Սարգսյանի սցենարով, որ փոշիացնի ընդդիմադիր զանգվածի ձայները։ «Դուք ի՞նչ եք կարծում, Ծառուկյանն իսկապես նման դերակատարություն կվերցնի՞ իր վրա» հարցին Օսկանյանը պատասխանել է․

«Ես չէի ուզենա ուրիշի գործունեությունը մեկնաբանել։ Ծառուկյանի հետ երկար աշխատել եմ։ Ես նրան դրական եմ վերաբերվում։ Մենք մեր առաջ խնդիր էինք դրել հասնել իշխանափոխության՝ խաղաղ ճանապարհով, օրենքի տառի, ոգու շրջանակներում, և շատ մոտ էինք դրան։ Գիտեք՝ ինչ կատարվեց, իրավիճակ փոխվեց, և մենք չկարողացանք դա իրականացնել։ Այդ հրամայականը դեռ մնում է։ Ժողովրդի այդ պահանջը դեռ կա։ Այնպես որ, քաղաքական ուժերն այդ պահանջից պետք է ելնեն, և իրենց խղճով առաջնորդվեն, որպեսզի ժողովուրդը հաջորդ ընտրություններին նորից չհիասթափվի»։

Օսկանյանն ասել է, որ ժողովուրդն ինքը պետք է գնահատի և տարբերի՝ իսկական ընդդիմությունը ոչ իսկական ընդդիմությունից։ Եվ կարիք չկա, որ իրենք ցույց տան, թե որ քաղաքական ուժն է իսկական ընդդիմություն, որը՝ ոչ։ Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ եթե քաղաքական ուժերը կարողանան իշխանափոխության հասնելու ձևակերպումն ընդունել, շատ ավելի հեշտ կլինի այլ հարցերի շուրջ համաձայնության գալ․ «Նույնսիկ գաղափարական մոտեցումներում կարելի է ինչ-որ ճկունություն ցուցաբերել, գալ ընդհանուր համաձայնությունների, եթե դու ընդունում ես ժողովրդի այդ պահանջը՝ հասնել իշխանափոխության»։

Civilnet.am-ը գրում է, որ Օսկանյանը նշել է՝ նոր օրենսդրությամբ շատ դժվար է լինելու դա անել, ուստի կարևոր է, որ այդ դաշինքը հնարավորինս մեծ լինի, և շատ ռեսուրսներ ունենա։

Նախկին արտգործնախարարի կարծիքով՝ փոփոխված Սահմանադրությամբ՝ ապագա վարչապետին ավելի մեծ լիազորություններ են վերապահվում, քան ներկայիս նախագահին և վարչապետին։ Ուստի, ըստ նրա, հարկավոր է ժողովրդին հասցնել այն ուղերձը, որ սա «նախագահի ընտրություն է», ոչ թե սովորական խորհրդարանական ընտրություն։

Խոսելով տնտեսության մասին՝ Վարդան Օսկանյանն ընդգծել է տնտեսական աճի կարևորությունը, և նշել, որ դրան հասնելու համար պետք է հենվել ոչ միայն առկա, տեսանելի ռեսուրսների վրա, այլև ոչ տեսանելի, թաքնված, պոտենցիալ ռեսուրսների վրա։ Այդ ռեսուրսները, ըստ նրա, կան․

«Ես ուղղակի համոզված եմ, որ հնարավոր է ամենակարճ ժամկետում ճիշտ ծրագրի, ճիշտ բարեփոխումների դեպքում մինչև մի քանի միլիարդ դոլար բերել, ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, որը և մեծ խթան կարող է լինել եկող ամիսներին և տարիներին մեր տնտեսության համար»։

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---