Նախարար. Հակակոռուպցիոն օրենքը հետադարձ ուժ չի ունենալու

Նախարար. Հակակոռուպցիոն օրենքը հետադարձ ուժ չի ունենալու

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունն առաջարկում է մինչև 6 տարվա ազատազրկման դատապարտել ապօրինի հարստացած պաշտոնյաներին։ Այս նախագիծը, սակայն, օրենքի վերածվելուց հետո հետադարձ ուժ չի ունենա:

Նախագծի հեղինակ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է՝ փաստաթուղթը վերաբերում է այն պաշտոնյաներին, որոնց հայտարարագրած գույքը կամ դրամական միջոցներն էականորեն կտարբերվեն տարեկան եկամտից։

«Վարույթն իրականացնող մարմինը կրում է ապացուցման բեռ: Պաշտոնատար անձն, անկասակած, ունի ընտրության իրավունք, լռելու իրավունք, որը սահմանադրորեն երաշխավորված իրավունք է: Վարույթն իրականացնող մարմինը պիտի ունենա ապացույցների բավարար համակցություն, որպեսզի անգամ եթե պաշտոնատար անձը լռի, ինքը կարողանա քրեական գործի վարույթը շարունակել»,- խորհրդարանում ասել է նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված այս նախագիծը, սակայն, հետադարձ ուժ չի ունենա։

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ այդ հանգամանքն անիմաստ է դարձնում կառավարության նախաձեռնությունը։ «Արդեն ապօրինաբար հարստացան: Մնացել ենք մենք՝ ժողովուրդը ու Սևանա լիճը: Էլ բան չկա տանելու․ գետնի երեսին եղածը, գետնի տակ եղածը տարել են»,- նկատել է Մարգարյանը։

Արդարադատության նախարարը հակադարձել է՝ «ՀՀ Սահմանադրություն գոյություն ունի: Խստացնող կամ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Սա խստացնու՞մ է իրավիճակը, անկասկած այո: Կարո՞ղ ենք հետադարձ ուժ տալ, ոչ»:

Ըստ նախագծի, իրավապահները քրեական գործ կհարուցեն, եթե պաշտոնյաների հայտարարագրած գումարն ու եկամուտներն իրարից կտարբերվեն առնվազն 5 միլիոն դրամի չափով։ Արդյոք սա նշանակում է, որ մինչև 5 միլիոն դրամ ապօրինի յուրացրած իշխանության ներկայացուցիչները կխուսափեն քրեական պատասխանատվությունից: Այս հարցն արդարադատության նախարարին ուղղեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այո, չեն պատժվի, բայց դա չի նշանակում, որ պաշտոնատար անձն ինչ-որ իրավասու մարմինների ուշադրությունից կվրիպի»,- պատասխանել է Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հետաքրքրվել է՝ կգործի՞ արդյոք օրենքը, եթե պաշտոնյան գույքը կամ գումարն իր անունով չգրանցի։ «Փաստաթղթերով իր մոտ ամեն ինչ նորմալ է, բայց ինքն ունի 6 տուն, զոքանչի, մորաքրոջ տղայի, մորաքրոջ հարսի, քեռու որդու անունով: Գիտեն որ դա իրենն է դե ֆակտո, բայց դե յուրե իրենը չի, ի՞նչ ենք անելու այս դեպքում»,- հարցրել է Շարմազանովը:

«Մինչև զոքանչի մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնել․․․ աշխարհի ոչ մի երկիր չի արել դա: Երբ դու սկսում ես անբնական ձևով սեղմել այդ շրջանակը, միևնույն է՝ պաշտոնատար անձը սկսում է գտնել այլ շրջանակ»,- պատասխանել է արդարադատության նախարարը:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զահրաբյանը պնդել է, որ նախագիծը լավն է, բայց այն չի գործելու:

Նրա խոսքով՝ պաշտոնյաների մեծ մասն ապօրինի կերպով ձեռք բերած գումարները ձևակերպում է որպես փոխառություն։ «ԱԺ բազմաթիվ պատգամավորների հայտարարագրեր նայեք, նախարարների հայտարարագրեր նայեք, եկամուտս եկել է փոխառություններից: Պաշտոնյան թող որոշի՝ կամ գնա լոմբարդում աշխատի, կամ տոկոսով փող տվող աշխատի, կամ լինի պաշտոնյա»,- ասել է Զոհրաբյանը:

Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է՝ «Սկզբունքորեն մենք չենք կարող մարդկանց արգելել: Այսինքն, ո՞նց ենք արգելում ինչ-մեկին՝ վարկ վերցնել ու ավանդ տալ»:

Դրական գնահատելով նախագիծը՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, միևնույն ժամանակ, նշել է՝ այն չի վերացնի կոռուպցիան։ Նրա պնդմամբ՝ գողացած գումարները պարզապես չեն հայտարարագրվի և կծախսվեն կանխիկ տեսքով կամ դուրս կբերվեն երկրից: Նախագիծը ներկայացնողն այս մտահոգությանն էլ հետևյալ կերպ արձագանքեց՝ «Ի վերջո, կոպիտ ասեմ՝ էդքան գումար բարձի տակ չես պահի, երբ դուրս ես հանում, դա էլ է ստուգվելու»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ ապօրինի հարստացման քրեականացման օրենքը հետադարձ ուժ պետք է ունենա և այդ մեխնիզմը պետք է տարածել բոլոր պաշտոնյաների վրա՝ ընդ որում 1991 թ-ից սկսած: «Որ ոչ-ոք չկարծի, թե չենք ուզում, որ դա վերաբերի մեզ, ես Լևոն Տեր- Պետրոսյանի անունից հայտարարում եմ, ինքը պատրաստ է առաջինը անցնել այդ ստուգումը: Թող փորձեն գտնել որևէ անհամապատասխանություն իր եկամուտների և ունեցվածքի միջև՝ չեն գտնի: Բագրատյանի եկամուտների և ունեցվածքի մեջ էլ չեն գտնի»,- ասել է ԱԺ պատգամավորը, գրում է Ա1+-ը:

Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ն իր նախընտրական ծրագրի ամենակարեւոր քայլերից մեկը պետք է համարի հենց այս ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժի մեխանիզմ գտնելը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---