Չզինված աչքով երեում է, որ կրակը գալիս էր ադրբեջանական կողմից

PanARMENIAN.Net - Սույն թվականի մայիսի վերջերից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով պարբերաբար հրդեհներ են բռնկվում: Հրդեհների տեղափակումով եւ մարումով զբաղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայությունը: Անհրաժեշտության դեպքում նրանց օգնության են հասնում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողները եւ բնակչությունը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԼՂՀ Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Աշոտ Վերդյանի խոսքերով, հանրապետության բոլոր շրջաններում եւ համապատասխան գոտիներում սահմանված է շուրջօրյա հերթափոխություն, դաշտային հրշեջ-փրկարար կետերի քանակը անցած տարվա համեմատությամբ ավելացվել է հինգով /2006թ` 18 կետ. 2007-ին` 23/: «Մենք օպերատիվորեն ենք արձագանքում հրդեհների բռնկման բոլոր ահազանգերին եւ անհապաղ համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում: Տեխնիկայի պակասի պայմաններում մեր ծառայության անձնակազմը, կարելի է ասել, հերոսություն է դրսեւորում: Հրդեհները հաջողությամբ տեղափակելու եւ կանխարգելելու համար օգնում է եւ անցած տարվա փորձը: Լայնածավալ հրդեհների դեպքում միաժամանակ գործի են դրվում մի քանի մեքենաներ, օգնության են հասնում զինծառայողներն ու քաղաքացիական բնակչությունը: Մշտական դաշտային կետերին զուգահեռ գործում են նաեւ շարժական հերթափոխերը` մեքենաներով շրջայցեր ենք կատարում եւ վերահսկում համապատասխան տարածքները»,- նշեց Աշոտ Վերդյանը:



ԼՂՀ փրկարար ծառայության հրհեջ-փրկարար ծառայության վարչության պետ Սամվել Հայրումյանի խոսքերով, կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ անցած տարվա համեմատությամբ այս տարի հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Հուլիսի 4-ի դրությամբ Հադրութի շրջանում այրվել են 13 հա, Մարտունիում` 6, Մարտակերտում` 10 հա ցանքատարածություններ:



ԼՂՀ փրկարար ծառայության Հադրութի հրշեջ-փրկարար ծառայության վարչության պետ Ռոման Մայիլյանը հաղորդեց, որ հրդեհները հաճախ բռնկվում են Հորադիզ կայարանի շրջանում, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջեւ: «Մենք չենք կարող մուտք գործել այդ տարածք եւ չենք կարող խոսել հրդեհների պատճառների մասին: Երբ հրդեհը տարածվում է մեր կողմը, մենք ամեն ինչ անում ենք այն տեղափակելու եւ մարելու համար: Մեր մարտական անձնակազմերը ուժեղացված հերթապահություն են անում»,- նշեց Ռ. Մայիլյանը:



ԼՂՀ փրկարար ծառայության Մարտակերտի հրհեջ-փրկարար ծառայության վարչության պետ Կարեն Գրիգորյանի խոսքերով, հաշվետու շրջանում շրջանի տարածքում գրանցվել է հրդեհի 4 դեպք, կրակը տարածվել է ադրբեջանական կողմից: Շրջանում տեղակայված հրշեջների եւ փրկարարների ջոկատները համապատասխան միջոցներ են ձեռնարկել հրդեհները մարելու համար: Իրականացվում են նաեւ կանխարգելիչ միջոցառումներ:



ԼՂՀ փրկարար ծառայության Ասկերանի հրշեջ-փրկարար ծառայության մասի պետ Արթուր Դանիելյանի խոսքերով, հուլիսի 4-ի դրությամբ այրված ցանքատարածություններ շրջանում չկան, գրանցվել է միայն ադրբեջանական կողմից տարածված հրդեհի մեկ դեպք, որը ժամանակին կանխվել է հրշեջ -փրկարարների ջանքերով: «Չզինված աչքով երեում է, որ կրակը գալիս էր ադրբեջանական կողմից: Ամենայն հավանականությամբ, հավաքելով բերքը, իսկ ստորին շրջաններում այն ավելի շուտ է հասնում, ադրբեջանցիները այրել են դաշտը: Մենք պատրաստ ենք հենց այս պահին ադրբեջանցիների հետ համատեղ մոնիթորինգ անցկացնել, գործերի իրական վիճակը հասկանալու համար»,- նշել է Արթուր Դանիելյանը:



Բացի այդ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ ստեղծվել է նաեւ հանրապետական շտաբ, որի խնդիրը առանց կորուստների բերքահավաքն ապահովելն է: Ավելի վաղ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը նոտա էր հղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ գրասենյակ` որում մտահոգություն է հայտնել հրդեհների կապակցությամբ եւ խնդրել ճգնաժամ-դիտարկումներ անցկացնել սահմանամերձ գոտում` տեղում իրավիճակը գնահատելու նպատակով: ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի ժամանակին միջամտությունը հնարավորություն կտա խուսափել անցած տարվա իրավիճակի կրկնությունից, ինչն Ադրբեջանի կողմից օգտագործվել է քարոզչական նպատակներով եւ դարձել խաղաղ գործընթացը ապակայունացնող եւս մեկ գործոն:



Մյուս նոտայում, որն ուղղվել է էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի հարցերով ԵԱՀԿ համակարգողին, ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է արել սկզբունքային ու հետեւողական դիրքորոշում ցուցաբերել ԵԱՀԿ առաքելության երաշխավորությունները իրագործելու հարցում, ինչը, մասնավորապես, «հնարավորություն կտա գործուն մեխանիզմ ստեղծել հրդեհների դեմ համատեղ պայքարելու համար եւ կարող է դառնալ վստահության միջոցառումների բաղադրիչներից մեկը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---