Օհանյանն ակտիվ կմասնակցի քաղաքական, մասնավորապես՝ ընտրական գործընթացներին

Օհանյանն ակտիվ կմասնակցի քաղաքական, մասնավորապես՝ ընտրական գործընթացներին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ցանկանում է իր փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Այդ մասին ասվում է Օհանյանի հայտարարության մեջ:

Օհանյանը նշել է, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ է տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել է իրեն առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում է իր փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: «Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման»,-ասել է նա:

«Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի և պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին:

Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում: Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի և ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ: Ընտրապայքար մտնող բոլոր քաղաքական ուժերը և գործիչները պարտավոր են դրսևորել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք և զսպվածություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սահմանադրական փոփոխություններից հետո առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը արմատապես տարբերվում են մյուսներից, քանի որ անցում է կատարվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին: Այսինքն՝ մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նախագահական և ԱԺ ընտրությունները փոխարինվելու են մեկ՝ խորհրդարանական ընտրությամբ, որի արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը:

Կարևորելով առաջիկա գործընթացները՝ Օհանյանը սկսել է խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: «Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ: Ես իմ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին»,-ասվում է ՊՆ նախկին նախարարի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ տեսակետներն և մտահոգությունները հասարակությանն առանց միջնորդների ներկայացնելու, միևնույն ժամանակ՝ հետադարձ կապով մարդկանց լսելու, քաղաքացիների տեսակետներին ու մտահոգություններին անմիջապես ծանոթանալու նպատակով որպես միջոց Սեյրան Օհանյանն օգտագործելու է նաև իմ նորաբաց ֆեյսբուքյան էջը, քանի որ տեղեկատվական աշխարհում համացանցը հասարակության հետ շփման լայն հնարավորություններ է տալիս:

«Առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձևաչափերում ես հանգամանորեն կներկայացնեմ այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում»,-ասված է հայտարարության մեջ:

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկումների մեջ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ 2017-ի ապրիլի խորհրդարանական ընտրություններում հնարավոր դաշինք ձևավորելու շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---