Վանաձորի ավագանու նոր ընտրությունների հարցով առաջարկը 3 կուսակցություն է ստորագրել

Վանաձորի ավագանու նոր ընտրությունների հարցով առաջարկը 3 կուսակցություն է ստորագրել

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը:

Հունվարի 9-ին հայտնի է դարձել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է գրությունով դիմել կառավարությանը՝ անգործունակ ճանաչելու Վանաձորի ավագանուն և նշանակելու նոր ընտրություններ։

Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ, տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը:

Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:

«Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարևոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների և սկզբունքների խորը տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաև առաջիկա 3 ամիսվա ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ կառավարությանն առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

2016թ․ հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում Մարուքյանը քաղաքապետի թեկնածուն էր։ Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում իշխող ՀՀԿ-ի թեկնածուն և նրան սատարող ՀՅԴ-ն միասին ստացել էին 15 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին՝ 18 մանդատ։ Չնայած վերջին երեքը համաձայնել էին աջակցել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին, ավագանու հոկտեմբերի 10-ին առաջին նիստին փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ըտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Այժմ ՀՀԿ-ին չի հաջողովում քաղաքի կառավարումը բնականոն հունի մեջ դնել, քանի որ քաղաքի ավագանում փոքրամասնություն ունենալու պատճառով չեն կարողանում ավագանու նիստեր գումարել:

Ավագանու ընտրություններից հետո գումարվել է ընդամենը մեկ նիստ, որի ընթացքում ընտրվել է քաղաքապետ։ Երեք խմբակցությունը բոյկոտում են Վանաձորի ավագանու նիստերը։ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 69-րդ հոդվածով՝ եթե հերթական նստաշրջանի ժամանակ ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում ու համայնքի բյուջեի վերաբերյալ որոշում չի կայացվում, կառավարությունը կարող է ավագանին ճանաչել անգործունակ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---