«Գազպրոմն» ու Վրաստանը պայմանավորվել են դեպի ՀՀ գազի տարանցման համար վճարումների մասին

«Գազպրոմն» ու Վրաստանը պայմանավորվել են դեպի ՀՀ գազի տարանցման համար վճարումների մասին

PanARMENIAN.Net - Վրացական կողմն ու ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը համաձայնության են եկել, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա Հայաստան առաքվող ռուսական գազի տարանցման համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 10-ին Մինսկում կայացել է Կալաձեի երրորդ հանդիպումը «Գազպրոմի» ղեկավարության հետ: Կողմերն աշխատում էին նոր համաձայնագրի վրա, որով կամ պետք է պահպանվեին գործարքի նախկին պայմանները, կամ պետք է անցում կատարվեր տարանցման համար ֆինանսական վճարի եղանակին: Ինչպես ավելի վաղ նշել էր Կալաձեն, Վրաստանի դիրքորոշումը հետևյալն էր` ֆինանսական վճարման անցնելու դեպքում Վրաստանը պետք է համարժեք եկամուտ ստանա` ֆինանսական արտահայտմամբ:

Ավելի վաղ «Գազպրոմ էքսպորտը» հայտնել էր, որ փաթեթային առաջարկ է ներկայացրել Վրաստանին դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման և Վրաստանին գազի մատակարարման վերաբերյալ:

«Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլերի արդյունքում, հաշվի առնելով հանգամանքները, մենք կարողացանք համաձայնեցնել օպտիմալ առաջարկը: Կառավարությունը քննարկել է առաջարկն ու որոշել է ձևակերպել համաձայնությունը: Ըստ պայմանագրի, Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից չի աճում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է անցում ֆինանսական վճարման դեպի Հայաստան գազի տարանցման դիմաց: Ինչ վերաբերում է տարանցման համար գնագոյացմանը, ապա գինը ամենաբարձրներից մեկը կլինի Եվրոպայի երկրներում»,-հայտարարել է Կալաձեն լրագրողներին հունվարի 11-ի կառավարության նիստից հետո:

Ըստ Կալաձեի, պայմանագիրը կնքվելու է 2 տարով և անհրաժեշտության դեպքում, սեզոնային դեֆիցիտի պայմաններում, Վրաստանը կկարողանա գազի լրացուցիչ ծավալներ ստանալ նվազ գնով` 185 դոլարով 215-ի փոխարեն: Մինչ այդ համաձայնագրերը կնքվում էին 1 տարով:

«Պայմանագիրը կարճաժամկետ է` 2-ամյա, սակայն առաջին տարվա ընթացքում հումքով վճարելու եղանակը մասնակիորեն կպահպանվի, իսկ հետո կշարունակվի արդեն ֆինանսական վճարի ձևով, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում»,-հավելել է Կալաձեն:

Վրաստանը տարեկան մոտ 2,5 մլրդ խմ գազ է սպառում: Հիմնական ծավալը ներմուծվում է Ադրբեջանից: 2015-16 թվականներին կրկին տևական բանակցություններ էին ընթանում Վրաստանի և «Գազպրոմի» միջև, սակայն արդյունքում Թբիլիսին հասավ իր ուզածին և պահպանեց վճարման գործող կարգը` ստանալով ՀՀ առաքվող ռուսական գազի 10 տոկոսը:

Վրաստանը «Շախդենիզ» հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---