Քաղաքապետ. Էրեբունու նախկին թաղապետն ինքն է ցանկացել հեռանալ

Քաղաքապետ. Էրեբունու նախկին թաղապետն ինքն է ցանկացել հեռանալ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունվարի 27-ին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը:

Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում քաղաքապետը մանրամասնել է, որ արդեն նախկին թաղապետ Արմեն Հարությունյանն ինքն է ցանկացել ազատվել զբաղեցրած պաշտոնից. «Էրեբունու նախկին թաղապետին ես չեմ ազատել, ինքն է ցանկացել հեռանալ»։

Համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին՝ Տարոն Մարգարյանը հունվարի 27-ին աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին:

Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:

«Քաղաքապետարանի աշխատակազմն աջակցելու է վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանն ու համատեղ ուժերով լուծումներ է տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս առկա են Էրեբունիում», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հաջողություններ մաղթել վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---