Փաշինյանն առաջարկում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի աղբյուրը

Փաշինյանն առաջարկում է ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի աղբյուրը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ին է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրը և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը փետրվարի 3-ին քննարկվել է ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Այս նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել էր զինծառայողների օգնության հիմնադրամին հատկացվող «1000 դրամների» հայտնի օրինագծի քննարկումների ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարել էր, որ հանդես է գալու նման նախաձեռնությամբ։

«Իսկ ինչո՞ւ ՀՀ պետական բյուջեում փող չկա, 25 տարվա անկախ պետություն ենք ու այդ ընթացքում պետք է ունենայինք այնպիսի պետական բյուջե, որի միջոցները հնարավոր կլիներ ծախսել երկրի անվտանգության, բարեկեցության զարգացման համար։ Միևնույն ժամանակ հանրության լայն շերտ կարծում է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանի կառավարիչներն իրականացրել են ազգային հարստության ոչ արդյունավետ կառավարում, նույնիսկ հնչում են ավելի խիստ գնահատականներ, որ ազգային հարստությունը թալանվել է։

Բնականաբար, այս նախագծի նպատակն է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի վերջին 25 տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքային վիճակը, այդ գույքի ծագումնաբանությունը, և ՀՀ քաղաքացիները ի վերջո կունենան շատ պարզ, հստակ մի հարցի պատասխան՝ բարձրաստիճան պաշտոնյաներից ով ինչքան հարստություն կամ գույք է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում», -ներկայացնելով նախագիծը՝ հայտարարել է Փաշինյանը, գրում է Panorama.am-ը։

Պատգամավորի առաջարկած հանձնաժողովի թիրախում են լինելու Հայաստանի նախագահները, վարչապետները, նախարարները, մարզպետներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նրա խոսքով, որպես իր ներկայացրած նախաձեռնության հակափաստարկ մատնանշվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման ինստիտուտը։ Սակայն, ըստ գործիչի, գոյություն ունեցող ինստիտուտը թույլ չի տալիս պարզել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված բոլոր անձանց գույքի ու եկամուտների մասին։

«Մենք պատժելու մասին չենք խոսում, այս նախագիծը չի պատժում, բացահայտում է», -հայտարարել է Փաշինյանը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---